Տիգրանը գրկեց ինձ, կախեց ջրանցքի վրա ու ասաց՝ եթե հետը չկենակցեմ, կգցի ջուրը

Առաջին լրատվականը գրում է. Քրեական գործին կցված լուսանկարում 18-ամյա աղջիկը այլակերպված, այտուցված դեմքով էր՝ աչքերը՝ կապույտ շրջանակների մեջ, հայացքը՝ սարսափով լի:

Բայց փխրուն աղջիկը անդրդվելի համառությամբ պաշտպանել էր իրեն, դիմացել էր ծեծին, ահաբեկումներին, սպանության սպառնալիքներին: Մնացել էր անբեկանելի…

Դեպքի օրն աղջիկը ինստիտուտ գնալու փոխարեն ընկերուհու հետ, ընկերուհու խնդրանքով երևանյան Բանգլադեշ էր գնացել: Ընկերուհին լուսանկարներ պիտի վերցներ ընկերոջից՝ այն ժամանակ համացանցը դեռ այս աստիճանի համա-ցանց չէր…

Աղջիկն անտեղյակ էր ընկերուհու և նրա ընկերոջ հարաբերությունների բնույթին՝ պարզապես ընկեր-ընկերուհի էր պատկերացրել… Չգիտեր, եթե իմանար էլ, հնարավոր է՝ չկարևորեր, որ այդ ընկերը՝ Ռոբերտ Հ.-ն, նախկինում երկու անգամ դատված տղա է: Աղջիկն «ընկերուհի» կոչվածին էլ լավ չէր ճանաչում՝ նա վերջերս էր աղջկա կուրսում հայտնվել: Ընկերուհու ընկերոջ՝ Ռոբերտի տանը նստել, երիտասարդաբար անհոգ զրուցել էին: Երբ դուրս էին եկել բակ, Ռոբերտն առանձնացել էր ինչ-որ տղայի հետ:

Մի քանի րոպե խոսել էին: Հետո մոտեցել էին աղջիկներին: Երկրորդ տղան ներկայացել էր որպես Տիգրան: Իրականում անունն Ավիս էր՝ Ավիս Բ.-ն էր: Աղջիկը չգիտեր, որ կեղծ անունով ներկայացած Ավիսն իրենց թաղում փոքրիկ հեղինակություն է: Մականուն էլ ուներ՝ ոչ այնքան «հերոսական»՝ «Բիճ»: Տղաներն ասել էին, թե աղջիկներին կարող են ճանապարհել կարճ ճանապարհով: Աղջիկները համաձայնել էին:

Ճանապարհին աղջկա սիրտը կասկած էր ընկել՝ ճանապարհից շատ էին շեղվել: Ճանապարհին ծանոթ չլինելով՝ աղջիկը մտածել էր, թե «կարճ ճանապարհը» միգուցե այդպիսին էլ պիտի լինի: Սակայն երբ մոտեցել էին ինչ-որ ջրանցքի, խաղաղ ուղեկցումը վերածվել էր մղձավանջի… Հատված աղջկա ցուցմունքից.

«Տիգրանն ինձ ուժով քաշում էր դեպի ջրանցքը: Ընկերուհիս ոչինչ չէր ասում… Տիգրանը գրկեց ինձ, կախեց ջրանցքի վրա ու ասաց՝ եթե հետը չկենակցեմ, կգցի ջուրը… Ես ասացի, թե լողալ չգիտեմ, խնդրեցի, որ նման բան չանի: Բաց թողեց: Նորից առաջարկեց կենակցել իր հետ: Չհամաձայնեցի: Նա հրեց ու ինձ գցեց ջուրը… Տեսնելով, որ իրոք՝ խեղդվում եմ, ինքն էլ մտավ ջուրը, որ ինձ հանի: Չկարողացավ… քանի որ ջրանցքի պատերը բարձր էին ու բետոնապատ: Ընկերուհիս ու Ռոբերտը, որ հեռացել էին, մոտեցան: Ռոբերտը ջուրը նետվեց, օգնեց Տիգրանին: Ինձ ափ հանեցին: Տիգրանը նորից նույն բանն առաջարկեց: Ասացի, որ զզվում եմ իրենից: Նա բռունցքով ուժեղ հարվածեց դեմքիս: Ծեծեց: Մոտեցա Ռոբերտին, խնդրեցի, որ օգնի:

Ասաց, թե իր գործը չի… Տիգրանը շարունակում էր քաշքշել, հարվածել: Նա ինձ գցեց գետնին: Ընկերուհիս ու Ռոբերտը նորից հեռացան… Տիգրանը բռունցքներով խփում էր, քաշքշում, հայհոյում, անպատշաճ առաջարկություններ անում: Բռնեց մազերիցս, նորից գցեց գետնին, հարվածում էր ոտքերով… Ես օգնություն էի կանչում, գոռում էի… Ոչ ոք չեկավ… Գիտակցությունս կորցրի ինչ-որ պահի: Երբ ուշքի եկա, Տիգրանը շարունակեց ինձ տանջել: Ես չէի համաձայնում, նա շարունակում էր ծեծել…»:

Ընկերուհին ու Ռոբերտը մի անգամ էլ էին մոտեցել: Տիգրանը, երևի ծեծելուց հոգնած, ձեռքը թափ էր տվել՝ պետք էլ չի՝ ասել էր… Թրջված, արյունլվա աղջկան ոտքի էին կանգնեցրել: Վերադարձել էին Ռոբերտենց բակ: «Տիգրանը» տուն էր գնացել, շորերը փոխել: Իր նման տղային վայել չէր թաղում «թրջված հավի պես» ման գալ: Աղջկան առաջարկել էին ծանոթուհու տուն գնալ, իրեն կարգի բերել: Աղջիկը համաձայնել էր՝ ծնողների աչքին ամաչում էր այդ տեսքով երևալ, ամոթի զգացումը վախի զգացումից ուժեղ էր… Աղջկան տարել էին Անաստասավան: Նրա նկատմամբ այլևս ոտնձգություն չէր եղել: Միայն խնդրել էին, որ չբողոքի: Եկել էին նաև «Տիգրանի» ու Ռոբերտի եղբայրները: Ուշ երեկոյան աղջկան տարել էին ընկերուհու տուն:

Աղջիկը կանչել էր հորը: Հորը տեսնելով՝ աղջիկը թաքցրել էր դեմքը. «Պատիվս փրկել եմ էս գնով»,- ասել ու լաց էր եղել: Հաջորդ օրը հայր ու աղջիկ գնացել էին դատախազություն: Մեկ օր անց ոստիկանները գնացել էին Անաստասավան՝ այն տունը, ուր տարել էին աղջկան: Տանտիրուհու դիմաց մի տղա էր նստած: Տանտիրուհին նրան ասել էր. «Ռուբո՛, դու գործ չունես»: Ոստիկանները հասկացել էին, որ դա աղջկա ներկայացրած դեպքի մասնակից Ռոբերտ Հ.-ն է: Ռոբերտը հանգիստ չէր հանձնվել: Դիմադրել էր, ինչքան կարողացել էր… «Տիգրանի» նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ռոբերտ Հ.-ի դատավարության ժամանակ Ավիս Բ.-ն դեռ չէր հայտնաբերվել… Ռոբերտ Հ.-ն երրորդ անգամ դատվեց բռնաբարության նախապատրաստության և օժանդակության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 17-15-112 հոդվածի 2-րդ մասով, ոստիկաններին դիմադրելու համար՝ 207 «պրիմ» հոդվածի 2-րդ մասով, դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար՝ 109 հոդվածի 1-ին մասով: Դատարանում Ռոբերտը պնդում էր, թե աղջիներին «ազնվորեն» տուն է ճանապարհել: Ինքը Ավիսին ու տուժող աղջկան հետո չի տեսել՝ ի՞նչ բռնաբարություն, ի՞նչ ջրանցք, ի՞նչ խեղդվող աղջիկ՝ ոչինչ չգիտի: Ռոբերտ Հ.-ն մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 7 տարի ազատազրկման: Աղջկա «ընկերուհին» դատարանում պնդում էր, թե ամեն ինչ արել է, որ օգնի ընկերուհուն: Բայց Ռուբոն չի թողել, նա իրեն էլ է թեթև վնասվածք պատճառել…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ աղջկա կուսաթաղանթը խախտված չէր, բռնաբարությունը, իրոք, փորձի սահմաններից չէր անցել…

Աղբյուրը՝ 1IN.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ