«Մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ տղաների 15 տարեկանը լրանում է և դեֆորմացիայի պրոցեսն ուղղակի և անուղղակի սկսվում է. «Ես ճանաչում եմ մի քանի մարդկանց, ես երբ իրենց ճանաչել եմ, մինչև այդ ժամանակները, երբ իրենք զորակոչային խնդիրների առաջ են կանգնել, իրենք տաղանդավոր, հեռանկարային տղաներ էին և ակնհայտ էր, որ իրենք այս կյանքում մեծ ճանապարհ պետք է անցնեն: Բայց հետո, երբ անընդհատ կեղծիք, կեղծիք, կեղծիքի հետևից նոր կեղծիք, այդ մարդիկ այսօր մրցունակ չեն կյանքում: Մեր իրականության մեջ տղաներին հովանավորելու, բամբակի մեջ պահելու այս երևույթը խայտառակ բան է: Աղջիկներն այս բանից ազատ են, մենք իրենց համար ստեղծում ենք իրավիճակ, որ իրենք ապացուցելու բան ունեն, որովհետև իրենց ոչ մեկը չի հովանավորում, սա մեր մեջ խորը դեֆորմացիաներ է առաջացրել»:
Փաշինյանն ընդգծեց, որ մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում ենք իրենց հետագա կյանքը. «Մենք՝ որպես հանրություն, պետություն այդքան գիտելիք էլ չունենք, որ հասկանանք սա ինչ հետևանքների է բերում: Կա՛մ մենք այնքան պետք է մեխանիզմները կատարելագործենք, որ որևէ սողանք չլինի սրանից փախչելու համար, կա՛մ մենք եղած ոչ լեգիտիմ իրավիճակները որոշակիորեն լեգիտիմության հանրային պայմանավորվածության դաշտ բերենք: Պաթոսի ներքո մարդկանց առաջնորդում ենք գողության, խարդախության: Ես դժգոհ չեմ, որ աղջիկների մրցունակությունն աճում է, ես դժգոհ եմ, որ վատ սոցիալ-հոգեբանության պատճառով է այդպես»: