Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորվում են քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացը էլեկտրոնային համակարգով իրականացնելու հարաբերությունները։
Այս մասին նախագիծը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մասնավորապես՝ ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող քաղաքացիների զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը։
Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով «Արմեդ» համակարգի միջոցով»,- ասաց նա։
Նախարարը բերեց մի օրինակ․ «Ներկայումս, երբ հիվանդությունների ցանկը գոյություն ունի, ու կա նկարագիրը, թե այդ հիվանդությունը ինչպիսի նկարագիր պետք է ունենա, բժիշկը տալիս է հետազոտություն, բայց կան հիվանդության ախտորոշման տարբերակներ, այսինքն՝ դրա արտահայտության թույլ, միջին և ավելի բարձր ձև, համակարգը ավտոմատ կարող է բժիշկին առաջարկել ամբողջական ստուգել, որի բերումով մենք այլևս խնդիր չենք ունենա հետագայում բժշկական փորձաքննության ժամանակ կրկնակի փորձաքննության գնալ։ Օրինակ՝ ընթացիկ զորակոչի ժամանակ արդեն 1800-ից ավել զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության, այդ թիվը 90 տոկոսով, ըստ մասնագետների, կարող է պակասել, երբ ամեն ինչը տեղի ունենա էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այսինքն՝ այլևս հարց չի առաջանա, թե հիվանդության ինչ աստիճանի է գտնվում զորակոչիկը կամ անձը»։
Այս համատեքստում ՀՀ վարչապետն էլ նկատեց․ «Գիտենք արդեն, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս, այս որոշման իմաստն այն է, որ այն հետազոտությունները, որոնք հասկանալիորեն արվում են երեխաներին, այդ հետազոտությունները արխիվացվեն, որպեսզի, եթե 17 տարեկանում հանկարծ, Աստված չանի, կամ գուցե ոմանց ընկալմամբ, Աստված տա, հիվանդությունն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայել՝ ո՞նց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարին լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: