Հրադադար Գազայի հատվածում. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակեն պատանդներին

Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են Գազայի հատվածում 42-օրյա հրադադարի մասին։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետ, ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ բեն Աբդերահման Ալ Թանին։

Գործարքի առաջին փուլում 33 պատանդների դիմաց Իսրայելը պետք է ազատ արձակի 1977 պաղեստինցի բանտարկյալների։ Նրանցից 290-ը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ynet-ը։ Ազատ արձակված ՀԱՄԱՍ-ի զինյալները, որոնք դատապարտվել էին ցմահ ազատազրկման, կկորցնեն Պաղեստինի Ինքնավարության տարածք վերադառնալու իրավունքը և կաքսորվեն Կատար, Թուրքիա կամ Ալժիր՝ իրենց ընտրությամբ։

Կողմերը ներկայումս համաձայնեցնում են ազատ արձակման ենթակա զինյալների ցուցակները։

Իր հերթին ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռք բերումը՝ այն անվանելով «շրջադարձային պահ» Իսրայելի հետ հակամարտությունում։

ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը հանդես են գալիս որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև գործարքի երաշխավորներ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ