Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Միայն 10 տխուր լուր Ալիևի համար Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր նկրտումների մասով
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բավական հստակ սահմանում է կողմերի ընդհանուր շահերը, մտադրությունները․ նպատակները և համագործակցության հիմքերը․․․
Դրանցից հատկապես առանձնացնեմ հետևյալները, որպեսզի պարզ դառնա կոնկրետ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասով ամերիկյան կողմի հանձնառությունները ու դրանց շրջանակը
1․ Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:
Ուշադրություն դարձրեք՝ բանալի բառը «հարաբերությունների հիմքն» է։ Տխուր լուր-1 Ալիևի համար․․․
4․ Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։
«Իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը պաշտպանելն» ու այդպիսի պաշտպանունակությամբ Հայաստանը ԱՄՆ ճանաչում է «տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման․․․» Միաժամանակ տխուր լուր-2, Տխուր լուր-3, Տխուր լուր-4, Տխուր լուր -5 Ադրբեջանի համար, որովհետև
2) ԱՄՆ այդ նպատակի համար կարող է ու կբացի նաև սպառազինության մատակարարման ճանապարը ոչ միայն իրենից, այլ արևմտյան այլ երկրներից,
3) ուժեղ և դիմադրունակ պաշտպանական բանակ ունենալը համարում է Հայաստանի քաղաքական լեգիտիմ իրավունքը, 4) բացառում է Հայաստանին կապիտուլացնելու հեռանկարը, 5) դեմ է արտահայտվում տարածքաշրջանում քաղաքական քարտեզի փոփոխությանը և նոր պատերազմին․ նպատակներ, որոնք, ճիշտ հակառակը, իր առջև դրել է Ալիևը․․․
Ոչ զարմանալիորեն, վերջին՝ քաղաքական քարտեզի վերաձևում թույլ չտալու շահի առումով համընկնում են ԱՄՆ և Իրանի շահերը․․․ Բայց սա Իրանի ու ԱՄՆ միակ շահային ընդհանրությունը չէ․․․
Այդ նպատակով 3-րդ բաժնի բաժնի 1․ կետով ամրագրվել է․
1․ Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին:
Ինչպես չասես՝ Տխուր լուր — 6 Ալիևի համար, ով ուզում էր կանխել Հայաստանին Հնդկաստանի, Ֆրանսիայի ռազմատեխնիկական աջակցությունը, իսկ աշխարհի թիվ մեկ տերությունը դրա ճիշտ հակառակ ընթացքն է խորացնում նաև իր մասով․․․
7․ Արժանապատիվ և հարատև խաղաղությունը հիմնարար է Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
ԱՄՆ իր օրակարգ է բերում 1991թ․ Ալմա-Աթիի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատմանը, բացառելով Ալիևի կողմից «ուժային կամ այլ տեսակի սահմանազատման ստեղծագործական» տարբերակը։ Ալիևը գործընթացը սառեցրել է հաշվարկով, որ ԱՄն-ում նախագահափոխությունը թույլ կտա զրոյացնել Բայդենի վարչակազմի օրոք սահմանազատման ու խաղաղության համաձայնագրի համար համաձայնեցված սկզբունքներից․․․ Ավելին է, քան ասել տխուր լուր- 7 Ալիևի համար։ Բոլոր գործոնները խոսում են նրա մասին, որ այս համաձայնագրի ստորագրումը բացառված է, որ համաձայնեցված չլինի մի քանի օրից լիազորորթյուններ ստանձնող Թրամփի վարչակազմի հետ․․․
8․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։
ԱՄՆ ևս մեկ կետով է մխում Ալիևի ճակատին․ պետք է բացվեն տարածաշրջանի բոլոր ճանապարհները, բայց ոչ թե այն ճանապարը, որը պետք է Ադրբեջանին, ու պետք է բացվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքներով, որոնք չեն կարող շրջանցել Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Տխուր լուր-8 Ալիևի համար․ ԱՄՆ դիրքորոշման մակարդակով չի ընդունում ու չի գնում Ալիևի «Զանգեզուրի միջանցքը»։
9․ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս հանգեցնում է հարևանների միջև փոխկախվածության և փոխշահավետ հարաբերությունների, Միացյալ Նահանգները նաև նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը:
Տխուր լուր 9 ալիևի համար․ անհնար է 9-րդ կետի ներքո չտեսնել հայ-թուրքական սահմանը բացելու հարցում ԱՄՆ պահպանվող շահագրգռությունը։ Սա ավելի ակնհայտ է դառնում մեկ այլ բաժնի հետևյալ կետից։
5․ Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով:
Տխուր լուր — 10 Ալիևի համար։ Թերևս սա նշանակում է, որ ԱՄՆ ոչ միայն քաղաքական լեգիտիմություն է տալիս Հնդկաստանից Իրանով դեպի Հայաստան, ապա Վրաստան և Սևծովով դեպի Եվրոպա գնացող տրանսպորտային միջանցքին, այլև Հայաստանին ցանկանում է հայ-թուրքական սահմանի բացումով միացնել Միջին միջանցքին։
Իհարկե, կասեք՝ սա թղթի վրա է։ Կհամաձայնեմ։ Չէ որ քաղաքականության մեջ ընդհանուր նպատակները նախ ամրագրվում են թղթի վրա, և դրանից հետո աշխատում մեխանիզմների ու երաշխիքների վրա։ Բա ռազմավարական գործընկերության հանձնաժողովն ինչո՞ւ է ստեղծվել․․․ Հենց դրա համար․․․
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն