Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ամերիկայի Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այս փաստաթղթով արձանագրվել է նշանակալի անկյունաքարային ձեռքբերում, և որ Միացյալ Նահանգները միտված է ապահովել Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Նահանգները շարունակում է բազմաբևեռ աշխարհում մնալ հեգեմոն պետություն, որի հետ նման փաստաթուղթ ունենալը ցանկացած երկրի համար առաջնահերթություն է, իսկ Հայաստանի համար՝ նաև էքզիստենցիալ վտանգը կանխող իրադարձություն:
Ըստ նրա՝ սա հնարավորություն է տալիս Հայաստանի անվտանգությունը մեկ մակարդակով բարձրացնել:
Քաղաքագետը կարծում է, որ կնքված փաստաթուղթը առնվազն դեմոկրատների և հանրապետականների միջև համաձայնեցվել է:
Զրուցակիցն ընդգծում է, որ հանրապետականների հետ աշխատելու տարբեր բաղկացուցիչներ կան, որոնցից մեկը քրիստոնեությունն է, և այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել:
Խոսելով Լավրովի վերջին հայտարարությունների մասին, մասնավորապես, որ Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին՝ Ստեփանյանն ասում է, որ Մոսկվայում մինչև հիմա կառչած են Նոյեմբերի 9-ի փաստաթղթից և շարունակելու են հայկական կողմին սպառնալ:
Հարցին, թե Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները և Եվրամիությունն այժմ ո՞ր երկրի վրա են մեծապես հենվում, Ստեփանյանը պատասխանում է, որ Վրաստանի հետ նույնանման պայմանագիրը, որ կնքվել էր 2009 թվականին, Միացյալ Նահանգները կասեցրել է՝ ռուս օլիգարխին իշխանության բերելու և նրա վարած քաղաքականության համար, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ Ռուսաստանի ազդեցության տակ, և մնում է միայն Հայաստանը:
233 դիտում , 1 դիտում այսօր