«Հայկական ժամանակ»-ը «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ զրուցել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորության մասին:
— Պարոն Բաբաջանյան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Ինչպե՞ս կբնութագրեք այս իրադարձությունը, և այն ի՞նչ կարող է տալ այս փուլում:
— Կարծում եմ՝ ԱՄՆ-ի նման հզորագույն երկրի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերության ինքնին նշանակալի ձեռքբերում է ՀՀ-ի համար: Չափազանց կարևորում եմ հենց այն ժամանակահատվածը, որ ստորագրվում է փաստաթուղթը, մի բան, որին սպասում էինք անցյալ տարեվերջից՝ նոյեմբեր ամսից սկսած: Ընտրություններից ու դրանց արդյունքի պարզ դառնալուց հետո մտավախություն կար, որ այդ փաստաթուղթը չի ստորագրվի: Հիմա այլևս կարող ենք վստահ ասել, որ նոր ադմինիստրացիան տեղեկացված է այս փաստաթղթի մասին, Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, և այդ համաձայնությամբ նաև կայացավ Միրզոյան-Բլինքեն հանդիպումն ու փաստաթղթի ստորագրման արարողակարգը: Սա նշանակում է, որ նոր ադմինիստրացիան ոչ միայն պահպանելու է եղած մակարդակը և շարունակելու է իմպլիմենտացնել այն բոլոր ուղղությունները, որոնք նախանշված են համաձայնագրում, այլև կա հանձնառություն խորացնելու, ավելի ընդլայնելու հարցերի, ուղղությունների շրջանակը հայ-ամերիկյան հարաբերություններում: Սա շատ կարևոր նշանակություն ունի ՀՀ տնտեսության, անվտանգության, տեխնոլոգիական զարգացման, էներգետիկ անվտանգության, ենթակառուցվածքների համար, չափազանց մեծ հեռանկարներ է բացում ՀՀ-ի համար:
— Այսինքն՝ այն մտավախությունները, թե Թրամփի գալով՝ այս փաստաթուղթը կարող էր ի չիք դառնալ, այլևս փարատվա՞ծ են:
— Միացյալ Նահանգներում բոլոր նման գործընթացները այնքան ինստիտուցիոնալ են, որ որևէ այդ կարգի գործողություն, համաձայնության ստորագրում չէր կարող տեղի ունենալ առանց նոր ադմինիստրացիայի հետ համաձայնության: Նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո որևէ քայլ, որ իրականացվում է, այդ թվում՝ ռազմավարական կարևորության պայմանավորվածություն, դրանց մոտավորապես 90 տոկոսը համաձայնեցվում է նոր ադմինիստրացիայի հետ, որովհետև դա ոչ մի արժեք չի ունենա, եթե այդ համաձայնությունը և վստահությունը չլինի: Ի դեպ, նախկին խորհրդային երկրներից միայն Ուկրաինայի և Վրաստանի հետ կա ռազմավարական պայմանագիր: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Սինգապուրը, Սաուդյան Արաբիան, ունեն այն նույն կարգավիճակը հարաբերությունների, ինչին մենք հասանք: Այդքան կարևոր է այս փաստաթուղթը Հայաստանի համար, և վստահ եմ, որ որքան կարևորություն ունի Միացյալ Նահանգները ՀՀ-ի համար անվտանգության, տնտեսության զարգացման, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկ անվտանգության տեսանկյունից, նույնքան անվտանգային իմաստով Է գործընկերությունը կարևոր: Միացյալ Նահանգները կարևոր հենման կետ է դիտարկում Հայաստանը տարածաշրջանում՝ սեփական շահերը և հետաքրքրությունները առաջ մղելու համար: Զարգացումները Վրաստանում, Ադրբեջանում ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի փորձագիտական և քաղաքական շրջանակները համոզվել են, որ ՀՀ-ն կարող է հուսալի գործընկեր լինել, և կարող են փոխվստահությամբ առաջ շարժվել: Ադրբեջանի՝ Ռուսաստանի ուղղությամբ հակումների մասին գիտի ամբողջ ամերիկյան վերնախավը, իսկ Վրաստանում իրողությունները ավելի ու ավելի դժվարացրել են հավատը, որ Վրաստանի վրա կարելի է հույս դնել, և միայն ՀՀ-ն է մնում տարածաշրջանում որպես հուսալի հենման կետ և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի համար, և փաստաթղթի ստորագրումը ինքնին դրա ապացույցն է:
— Ռուսաստանից դեռևս լսում ենք «համեստ» հայտարարություններ, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է գնալ այն ճանապարհով, որով գնում է, սակայն տողատակում զգուշացնելով կամ հիշեցնել հետևանքների մասին: Ինչո՞վ է սա պայմանավորված:
— Ես չեմ տեսել չեզոք արձագանք, տեսել եմ արձագանքներ, որոնք մտահոգություններ են պարունակում: Սա մեր սուվերեն իրավունքն է, բայց տեսնում եմ, որ այս իրականության համար խորը ցավ կա իրենց մոտ, և հասկանում են, որ իրենց հոխորտանքը ավելի ու ավելի է մեզ մոտիվացնում Արևմտյան գործընկերների շրջանակն ավելացնել:
— Ինչ կարո՞ղ է տալ ստորագրված փաստաթուղթը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:
— Ադրբեջանը ահռելի ռեսուրսներ և ջանք է գործադրել, որպեսզի երեկվա ստորագրությունը տեղի չունենա: Եվ նրանք հույս ունեին, որ վերջին օրերին դա հնարավոր չի լինի կազմակերպել, առավել ևս հույս ունեին, որ համաձայնեցում չի լինի նոր ադմինիստրացիայի հետ: Ադրբեջանը խնդիր է տեսնում այս համաձայնագրի մեջ այն իմաստով, որ ՀՀ-ն տարածաշրջանում իր քաշային կարգն է նաև փոխում, և այդ իմաստով կարծում եմ, որ սա մեզ համար կարևոր է լինելու: Կարևոր է լինելու նաև Թուրքիայի հետ հարաբերությունների տեսանկյունից, այն իմաստով, որ Միացյալ Նահանգները, եթե ակտիվորեն ներգրավի թե՛ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի կարգավորման և թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում, մենք էական բեկում կարող ենք մտցնել այս ուղղություններով: Այո՛, դեմոկրատները շահագրգռված էին, որպեսզի խաղաղություն հաստատվի Ադրբեջանի հետ և պայմանագիր ստորագրվի, հաստատապես կարող եմ ասել: Եթե դեմոկրատներն ուզում էին, բայց չէին կարողանում, եթե հանրապետականներն ուզեն, հաստատ կկարողանան: Մեր գլխավոր խնդիրն է մեր տնային աշխատանքը կատարել այնպես, որ կարողանանք Թրամփին անձնապես, և հանրապետական վարչակազմին ներգրավել հարավկովկասյան խաղաղության հաստատման գործընթացներում, քանի որ դա ոչ միայն ՀՀ-ին է պետք, այլև շեշտակիորեն ավելացնելու է ԱՄՆ անվտանգությունը, քանի որ այստեղ ԱՄՆ անմիջական հակառակորդները՝ Չինաստանը, Ռուսաստանը, հետաքրքրություններ ունեն, և նրանց կարող է հակակշռել միայն ԱՄՆ-ն:
— Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ-ի հետ այլևս այլ կերպ են հարաբերվելու թե՛ Ադրբեջանը, թե՛ ՌԴ-ն՝ հաշվի առնելով Ձեր նշած քաշային կարգը փոխելու հանգամանքը:
— Եթե մենք նայեինք ՌԴ-ի և Բաքվի մատ թափ տալուն և հոխորտանքներին, այսօր այդ փաստաթուղթը չէր ստորագրվի: Թե որքանով կկարողանանք քաշային կարգը պահել, մեր աշխատանքից է կախված: