Բանակն ու զինվորը Կառավարության հոգածության և ուշադրության կարիքն ունեն։
Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ պետք չէ բանակը սրբագործել։
«44-օրյա պատերազմից հետո ու իմ պաշտոնավարումից հետո ԶՈՒ բարեփոխումների բավականին լուրջ ընթացք է սկսվել ու այն, ինչ այսօր ունենք, բարեփոխումների մի քայլ առաջ է, բայց կիսում եմ վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն սրբագործել, պատասպանատվության այնսպիսի մասնաբաժին դնել ԶՈՒ-ի վրա, որը ժամկետային զինծառայողը չի կարող կրել իր ուսերին»,- ասել է նախարարը։
Ըստ Պապիկյանի, միաժամանակ սա չի նշանակում, որ վատաբանվում է բանակը։
«Մենք ԶՈւ-ին վերաբերվում ենք հարգանքով, պատասխանատվությամբ, բայց պատասխանատվությունը պետք է լինի բալանսավորված։ Պետք է հասկանանք, որ անվտանգությունը միայն սահմանին կանգնած զինվորը չէ, անվտանգությունը պետք է լինի տնտեսական ու արտաքին քաղաքական, սա պետք է բալանսավորել»,- ասել է Պապիկյանը։