Արտաքին քաղաքականության կարևոր հանգրվան

ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործակցության հանձնաժողովի կանոնակարգի (Strategic Partnership Commission Charter) ստորագրումը հերթական ջղաձգումն է առաջացարել ռուսական հրահանգներով շարժվող ուժերի և գործիչների մոտ։ Նրանցից շատերը սկսել են հայտարարել, որ փաստաթուղթը այդքան էլ կարևոր նշանակություն չունի և իշխանությունն այն փորձում է օգտագործել քարոզչական նպատակներով։

Ակնհայտ է, որ ԱՄՆ և ՀՀ միջև ստորագրված այդ փաստաթուղը խառնել է շատերի խաղաքարտերը, հիմնականում նրանց, ովքեր վերջին տարիներին ջանք ու եռանդ չեն խնայել և այսօր էլ չեն խնայում Հայաստանի դիրքերը թուլացնելու, ինքնիշխանությունն ու պետականությունը վերացնելու համար։ Անկախ հանգամանքից, թե փաստաթուղթը ինչ է կոչվում՝ այն հայ-ամերիկյան հարաբերությունների նոր, անհամեմատ ավելի բարձր նշաձող է սահմանում։

Կանոնադրությունը նոր ուղիներ է սահմանում տնտեսական գործակցության, անվտանգության և պաշտպանության, քաղաքական ոլորտներում երկկողմ գործակցության համար։ Սա հայ-ամերիկյան հարաբերություններում նոր հանգրվան է, որը ինչ-որ առումով միտված է նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջության պահպանմանը։ Եվ հենց այս հանգամանքն է, որ չեն կարողանում «մարսել» Մոսկվայի խամաճիկները, որոնց գերնպատակն է եղել ամեն գնով խանգարել Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը։

Չնայած որոշ ուժերի ու գործիչների ջղաձգումներին Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տալիս է իր պտուղները։ Ռուսաստանի նախկին «ֆորպոստը» համարվող երկիրը սկսել է համաշխարհային խոշոր և առանցքային երկրների հետ խորացնել և ամրապնդել իր հարաբերությունները, որոշ երկրների հետ այն հասցնելով ռազմավարական գործակցության մակարդակի։

Իրան, Եվրամիություն, ԱՄՆ, Հնդկաստան, Ֆրանսիա, Մերձավոր Արևելք՝ սրանք այն ուղղություններն են, որոնցով վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքական կորպուսը հետևողական և մեծ աշխատանք է կատարել։ Շատերը այս աշխատանքը փորձել են չնկատել, շատերն էլ բոլոր հնարավոր միջոցներով այն քարկոծել ու խոչընդոտել են, սակայն Հայաստանը կարողացել է քայլ առ քայլ առաջ շարժվել։ Բնականաբար դեռ շատ բարդ ու երկար աշխատանք է սպասվում Հայաստանին՝ այս բարդ աշխարհակարգում իր դիրքերն ամրապնդելու համար։ Սակայն ակնհայտ է, որ կատարված քայլերը նպաստել են և նպաստելու են Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության պահպանմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ