ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը կարծում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրելով, նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում:
Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։ Անցած տարիներին մեր հարաբերությունների խորացումը հանգեցրեց նրան, որ պաշտոնապես դարձանք ռազմավարական գործընկերներ։ Սա իսկապես պատմական է: Եկեք նշենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր որակի ռազմավարական հարաբերությունների սկիզբը»,- գրել է Մակունցը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
Ավելի ուշ հրապարակվել է նաև համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը։