Փասադենայում հրդեհը սոսկալի էր, հայկական հարյուրավոր տներ վառվեցին, նաև դպրոցներ, հաստատություններ. ամերիկահայ հոգևոր հովիվ

«Փասադենայում հրդեհը տևեց 3-4 օր, ահռելի, սոսկալի էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում պատմեց ամերիկահայ հոգևոր հովիվ Հովհաննես Հալաջյանը: Նշեց, որ քաղաքում տուժածների թվում հայեր չկան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հունվարի 7-ից պայքարում են անտառային մեծամասշտաբ հրդեհների դեմ: Զոհերի թիվն անցել է 20-ը, մեկ տասնյակից ավելի անհետ կորածներ կան, նյութական վնասները հարյուրավոր միլիարդ դոլարների են հասնում:

«Ցավոք սրտի, հայկական բնակելի հատվածներում էլ հրդեհ էր: Հարյուրավոր հայկական օջախներ, տներ վառվեցին, նաև դպրոցներ, հաստատություններ և տնտեսություններ: Բայց այսօրվա դրությամբ հրդեհները Փասադենայում գրեթե ամբողջությամբ հաջողվել է մարել»,- պատմեց Հալաջյանն ու ընդգծեց, որ քաղաքի հայ համայնքը միասնական ուժերով, միմյանց աջակցելով փորձում է հաղթահարել պատուհասած աղետն ու դրա հետևանքները: Նշեց նաև, որ հայկական տասնյակ ընտանիքներ ստիպված են եղել տարհանվել այն հատվածներից, որտեղ հասել էր հրդեհը կամ նման վտանգ կար:

«Հիմա Փասադենայում ավելի հանգիստ է, խաղաղ է, պարզապես սպասում ենք, որ անվտանգության նկատառումներով փակ տարածքները թույլ տան բացվեն և տարհանվածները հետ գնան, դրանք հիմնականում այն տարածքներն են, որտեղ այրված տներ կան»,- հայտնեց նա:

«Այսօր և վաղը բավական մեծ վախ կա, որ Փասադենայի կողքի քաղաքները լուրջ վնասներ կկրեն հրդեհի հետևանքով, հուսանք սրանից կհաջողվի խուսափել: Եղանակային կանխատեսումները ցույց են տալիս, որ հիմա կարծես հարակից թաղամասերը, քաղաքներն են թիրախում»:

Թե հայ համայնքի կրած նյութական ու տնտեսական վտանգներն ինչ մասշտաբներ ունեն, դեռ վաղ է ասել, քանի որ ճգնաժամային իրավիճակը դեռ վերջնականապես չի ավարտվել:

Հոգևոր Հովիվը նաև նշեց, որ համայնքի համար մեծագույն ցավ էր «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցի այրվելը.«Բայց դպրոցն իր հիմնական իմաստով գոյություն ունի, Փասադենայի ՀԲԸՄ հաստատությունում դպրոցի աշակերտները կկարողանան իրենց դասերը շարունակել»,- նշեց Հովհաննես Հալաջյանը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի ոչ ուշ ապագայում դպրոցը վերակառուցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ