Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը քաղհայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ «hրապարակային ներուղություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, ինչպես նաև փոխհատուցում վճարելու պահանջների մասին»: Հայցը, ինչպես պարզեց civic.am-ը, դատարանն ստացել է ս․թ․ հունվարի 10-ին, գործով դատավորն է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանը։
Պարզեցինք, որ թերթի դեմ հայց ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2024 թ․ դեկտեմբերին հրապարակված հոդվածը, որում մասնավորապես նշվում է, թե իբր Արմեն Փամբուխչյանը «թիմում լուրջ խնդիրներ ունի, եւ նրա «հարցը դրվել է» ՔՊ վարչության նիստերից մեկում», «բացահայտվել է Արմեն Փամբուխչյանի՝ ՔՊ-ի աչքի փուշ նախկինների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու փաստը, ինչպես նաեւ բացահայտվել են նրա մասնակցությամբ կոռուպցիոն գործարքներ»։