ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ սա նոր հանգրվան է ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում:
«Կանոնադրությունը նոր ուղիներ է սահմանում երկկողմ համագործակցության համար, ներառյալ տնտեսական համագործակցություն, անվտանգություն և պաշտպանություն, ժողովրդավարության, արդարության և ներառականության ամրապնդում, միջանձնային փոխանակումների ավելացում: Պետքարտուղար Բլինքենը և ԱԳ նախարար Միրզոյանը նաև հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը բանակցություններ են սկսելու Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտին աջակցելու համաձայնագրի շուրջ, և որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու գլոբալ կոալիցիային»,- ասել է Միլլերը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Ավելի ուշ հրապարակվել է նաև համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը։