«Ուժով երբևէ չես կարող որևէ երկրի պահել քո կառույցում։ Որևէ կառույցում լինելը փոխադարձ շահերի արդյունքում է լինում, ու սպառնալիքի լեզվով խոսելը անտրամաբանական է»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից հնչող հայտարարություններին, որ ՀՀ-ն պետք է ընտրություն կատարի՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ անդամակցել ԵՄ-ին։
Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե Ալիևի հայտարարություններից հետո միգուցե Նիկոլ Փաշինյանը հիշի ՀԱՊԿ-ի մասին, Հակոբյանը ասաց, որ ճիշտ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը հիշեր ՀՀ-ին. «Ուզում եմ հիշեցնել, որ առաջինը ՀԱՊԿ-ն է լքել ՀՀ-ն։ Հեռուստադիտողները կարող են կապել իրադարձությունները իրար հետ ու հասկանալ, թե ինչու են ՌԴ-ից նման հայտարարություններ անում այն տեղեկատվության ֆոնին, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է ստորագրվելու»։
Ըստ Հակոբյանի՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունները խանդի որոշակի դրսևորումներ են, և ՌԴ-ի գործընկերները առաջիկայում կհարմարվեն իրավիճակին։
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն իր հույսը ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի վրա չի դրել, այլ ինքն իր վրա. «Մենք տեսանք, թե ինչ է լինում, երբ հույսդ մեկի վրա ես դնում։ Հույս դնել որևէ կառույցի վրա, արդյունավետ չէ, ու մեր հարաբերությունները պետք է զարգացնենք բոլոր ուղղություններով՝ դա կլինի ԱՄՆ-ն, ՌԴ-ն, թե Ադրբեջանը։
Մանրամասն՝ տեսանյութում