Առաջարկում եմ՝ գուշակություններով չզբաղվենք, շարունակենք սպասել ՍԴ-ի որոշմանը. Սրբուհի Գալյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցով ՍԴ-ն որոշում չի կայացրել:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Իրականությունն այն է, որ մասնագիտական ամբողջ հանրությունը, ինչպես նաև քաղաքականություն մշակող մարմինը՝ ի դեմս արդարադատության նախարարության, սպասում է այդ որոշման կայացմանը: Արդեն տևական ժամանակ է՝ 3 տարուց ավելի է՝ ՍԴ-ը այդ որոշումը չի կայացրել, անգամ այն բանից տևական ժամանակ անց, երբ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,- ասել է նախարարը:

Գալյանը մանրամասնել է, թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո:

«Գործերի վրա դա կարող է հանգեցնել դոմինոյի էֆեկտի: Կարող է նման բան լինել, բայց ես առաջարկում եմ՝ մենք գուշակություններով չզբաղվենք, շարունակենք սպասել ՍԴ-ի որոշմանը՝ հուսալով, որ այդ որոշումն օր առաջ կընդունվի:

Որպես քաղաքականություն մշակողի՝ շատ կարևոր է այդ որոշումը, որովհետև մենք նաև ռազմավարական կետ ունենք, որը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կատարելագործմանը, և այդ որոշումը որոշիչ ազդեցություն պետք է ունենա այդ փոփոխությունների վրա, և, հետևաբար, մենք սպասում ենք և այդ փոփոխությունները օրենքում այս պահին չենք անում, որովհետև ուղղակի կարծում ենք, որ որոշումից հետո ավելի նպատակահարմար է անդրադառնալ հնարավոր փոփոխություններին կամ կատարելագործմանը»,- ասել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ