Հրդեհներ, պայթյուններ, փակ օդանավակայաններ… ՌԴ տարածաշրջանները ենթարկվել են ուկրաինական դրոնների հզոր հարձակման

Հունվարի լույս 14-ի գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ, այդ թվում՝ Սարատովի, Վորոնեժի և Օրլովի մարզերը, ինչպես նաև Թաթարստանը։

Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակումների, Telegram-ում հայտնել է մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը։

Նա հայտնել է, որ հարձակման է ենթարկվել Ալեքսին քաղաքը. «Անօդաչուների բեկորների անկման հետևանքով վնասվել են մի քանի մեքենաների և տնտեսական շինություններ, ինչպես նաև բնակելի շենքի ապակիներ։ Տուժածներ չկան»։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Տուլայի մարզի ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է 16 ԱԹՍ, հավելել է նահանգապետը։ Թե որ օբյեկտներն են եղել ուկրաինական դրոնների թիրախը՝ նա չի հստակեցրել։

Իսկ Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը Telegram-ում գրել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Էնգելս քաղաքում վնասվել է «արդյունաբերական ձեռնարկություն»։ Նահանգապետը չի հայտնել հարձակման մանրամասները և վնասված «արդյունաբերական ձեռնարկության» անվանումը: Նա միայն նշել է, որ «արտակարգ և օպերատիվ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով»։ Մի քանի աղբյուրներ ենթադրում են, որ դրոնների առաջին ալիքը հարվածել է այն նույն նավթաբազային, որին հարված էր հասցվել հունվարի 8-ի գիշերը։

Էնգելսում ուկրաինական դրոնների հարձակման պատճառով երեքշաբթի չեղարկվել են դասերը դպրոցներում։ «ԱԹՍ-ի հարձակման սպառնալիքի պատճառով դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար ռեժիմով»,- Telegram-ի իր ալիքում գրել է Էնգելսի շրջանի ղեկավար Միխայիլ Իսաևը։ Ռոման Բուսարգինը համանման որոշում է կայացրել Սարատովի կրթական հաստատությունների վերաբերյալ։

Հաղորդվում է նաև, որ Կազանում ուկրաինական անօդաչուները հարվածել են «Գազպրոմին» պատկանող հեղուկ գազի բազան, ինչը հանգեցրել է վառելիքով ցիստեռնների բռնկման:

Միևնույն ժամանակ, «Ռոսավիացիան» հաղորդել է, որ Նիժնեկամսկ քաղաքի «Բեգիշևո» միջազգային օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռներ ընդունելու և ուղարկելու վերաբերյալ:

Ռուսական աղբյուրների տեղեկացմամբ՝ դրոնների հարձակումը դեռևս շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ