26-ամյա երիտասարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկից գործարքների միջոցով խոշոր չափի գումար է հափշտակել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին Երևանում հափշտակության դեպք է տեղի ունեցել։

Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը և հայտնել, որ հունվարի 1-ին՝ ժամը 20։00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց բանկի հաճախորդ 26-ամյա Սարգիս Ղ․-ն 1563 առցանց բանկային գործարքներ կատարելու արդյունքում բանկից հափշտակել է 753 մլն դրամ գումար և փոխանցել թվով 160 այլ բանկերի քարտերի:

Ինչպես հայտնել է կայքը, իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ Սարգիս Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած տղամարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկի ինքնասպասարկման սարքերի սպասարկման ծառայության ղեկավարն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ