Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել և հայտնել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրան ուղեկցող մեքենայի վարորդի նկատմամբ Պարեկային ծառայությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն 7000 դրամի չափով։
Լուսանկարներից երևում է, որ մեքենաները խախտում են ճանապարհային երթևեկության կանոնը՝ անցնելով հոծ գծերի վրայով։ Այս խախտումը վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է ոչ թե 7000, այլ 10 հազար դրամի տուգանքի նշանակում։
Փաստորեն Վանեցյանը և նրան ուղեկցող մեքենայի վարորդը տուգանվել են ոչ թե 7000, այլ 10 հազար դրամով, իսկ Արսեն Բաբայանի հրապարակումից էլ կարելի է ենթադրել, որ Արթուր Վանեցյանը օգտվում է ՆԳՆ նախաձեռնած 30 տոկոս բոնուսային համակարգից։ Այսինքն՝ տուգանքը վճարելով 30 տոկոս զեղչով՝ նրանց պարտավորությունները համարվում են կատարված։