Հայ–ամերիկյան ներդրումներով կառուցված մետաղաձուլական գործարանը, որը ի սկզբանե սկսել էր կառուցվել Երասխում, սակայն հետո տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ, փետրվար–մարտ ամիսներից կանցնի զանգվածային արտադրության:
Այս մասին ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Գործարանը գրեթե պատրաստ է: Մոտ 30–40 մլն դոլար ներդրում են արել: Գործարանն արտադրում է վերջնական արտադրանք: Այն, ինչ ստանում են, բավականին բարձր որակի է: Մտադիր են զանգվածային արդյունաբերական արտադրության անցնել փետրվար–մարտ ամիսներից: Փորձարկումների 90 տոկոսը հաջող է անցել»,- նշեց նախարարը:
Նրա գնահատմամբ՝ դա շատ խոշոր ու կարևոր ներդրումային ծրագիր է Հայաստանի համար, լավագույն ծրագրերից մեկը: Շուտով տեղի կունենա գործարանի պաշտոնական բացումը:
Գործարանն ի սկզբանե սկսել էին կառուցել Երասխում, սակայն Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այնուհետև Ադրբեջանը սկսել էր կրակել գործարանի ուղղությամբ, գործարանի շինարարության վրա աշխատող օտարերկրացիներ էին վիրավորվել:
2023–ի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղում: Գործարանի տեղակայման համար կատարվել էին ուսումնասիրություններ, ընտրվել էր Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։