Քիմ Քարդաշյանը դիմել է Կալիֆոռնիայի նահանգապետին

Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ, հարյուրավոր բանտարկյալներ են կանչվել հրդեհը մարելու համար, և պատճառը, հնարավոր է, եղել է էլեկտրահաղորդման գծի անսարք սյունը: Այս մասին հայտնում են տեղական լրատվականները։

Վերջին տվյալներով՝ հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած։ Մահացածների թվում է 85-ամյա Անետ Ռոսսիլին, ով ապրում էր իր շան՝ Գրիլիի, իր դեղձանիկ Պեպպերի, երկու թութակների և կրիայի հետ։ Կինը հրաժարվել է տարհանվել՝ հավանաբար կենդանիների համար վախից ելնելով։ Մահացել են նաև Էնթոնի Միտչելը և նրա որդին՝ Ջասթինը, որն ուղեղային կաթված է ստացել։ Հոր դին հայտնաբերվել է որդու մահճակալի կողքին։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի կդառնա, երբ քննիչները կարողանան ապահով կերպով այցելել հրդեհից տուժած տարածքներ։

Կալիֆոռնիայում քամիները կրկին կուժեղանան այս շաբաթ: Չոր օդի և երկարատև երաշտի հետ միասին դա կարող է կրիտիկական ազդեցություն ունենալ հրդեհի տարածման վրա: Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության նախկին տնօրեն Քրեյգ Ֆուգեթսն ասել է, որ հրդեհների մասշտաբները կարելի է համեմատել «Կատրինա» փոթորկի հետևանքների հետ. «Դա ընդմիշտ կփոխի համայնքը: Սա կլինի մի շոշափելի կետ, որը բոլորը կհիշեն՝ առաջ և հետո»:

Հրդեհների մարմանը արդեն մասնակցում է 931 բանտարկյալ։ Նրանք աշխատում են շուրջօրյա՝ «կտրելով» կրակի գիծը և ստանում են օրական մինչև 10 դոլար և յուրաքանչյուր աշխատած օրվա համար պատժից երկու օր ազատում։ Նրանց բերման է ենթարկել ուղղիչ ծառայության վարչությունը՝ հրդեհը մարելու համար։ Քիմ Քարդաշյանը նահանգապետին կոչ է արել բարձրացնել բանտարկյալների աշխատավարձը այն մակարդակի, որը «պատվում է այն մարդուն, ով վտանգում է իր կյանքը՝ փրկելու մարդկանց կյանքն ու տները»։

Ոստիկանությունը շարունակում է ձերբակալել տուժած շրջաններում գործող կողոպտիչներին։ 25 մարդ արդեն ձերբակալվել է։ Իշխանությունները հայտնում են նաև խարդախության դեպքերի աճի մասին. հրդեհներից տուժածներին առաջարկվում է աշխատանք՝ բանկային տվյալները տրամադրելու խնդրանքով կամ խնդրում են գումար նվիրաբերել աղետի հետևանքները վերացնելու համար:

Հրդեհի ծագման վարկածներից մեկը Ալտադենայում էլեկտրահաղորդման գծերի հենարաններից մեկի անսարքությունն է։ Դատելով ականատեսների կադրերից՝ առաջին կայծերը հայտնվել են էլեկտրահաղորդման գծերի տարածքում։ Այժմ տեղանքն ամբողջությամբ ածխացած է։ Այնտեղ աշխատում են նաև քննիչներ, ովքեր թույլ չեն տալիս տեղացիներից որևէ մեկին մոտենալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ