Որ հավաքական Արևմուտքի կետ կոնֆրոնտացիայի մեջ գտնվող ՌԴ տարբեր տրամաչափի պաշտոնյաները կգրգռվեն ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացից (առայժմ քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված նախագծին կառավարության կողմից հավանություն տալու տեսքով) ու մոռանալով պոլիտկոռեկտության մասին վայնասուն կբարձրացնեն՝ սպասելի էր ու, անկեղծ ասած, բնավ ոչ զարմանալի։ ԵՄ դիտորդների՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայման պահից ի վեր դաշնակից երկիրը մեկ անգամ չէ, որ անհանգիստ շարժումներով հասկացրել է՝ «դեմ եմ», ՀՀ-ԵՄ «սիրախաղին» էլ արձագանքել՝ «չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ»։ «Կարկանդակ ուտելուն», ինչպես ասում են, դեռ բանը չի հասել, ոչ էլ նույնիսկ՝ «նստելուն», բայց ռազմավարական դաշնակիցը մտավախություն ունի, որ գործընթացն անկասելի է, եթե, իհարկե, ինքը («գրուպա պադերժկի»-ի հետ) չկասեցնի՝ լինելով չափազանց կանխատեսելի՝ ՀՀ-ում իրականացնելով բռնի իշխանափոխություն։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ ԴմիտրիՄեդվեդևի արձագանքը, դրանում հիշեցումը՝ «Եվրամիության ուսերին է ուկրաինական հրաշալի փորձը», ուղիղ զգուշացում է, որ եթե ՀՀ-ն էլ որոշի կիսել այդ փորձը, կկանգնի կոտրած տաշտակի առաջ՝ Եվրամիությունը չի օգնի։ Պարոն Մեդվեդևի շանտաժը այսպես պետք է հասկանալ՝ մենք ձեզ խոստանում ենք «հայկական մայդան»՝ դրանից բխող բոլոր (դառը) հետևանքներով, ՀԱՊԿ-ի վրա էլ, որի հետ հարաբերությունները սառեցրել եք, հույսներդ չդնեք։ Ուշագրավն այստեղ այն է, որ այսպես թե այնպես ՌԴ-ն ադրբեջանական հավանական ագրեսիայի պարագայում չէր պլանավորում մատը մատին տալ, կատարել ռազմավարական դաշնակցի իր պարտականությունները, քանի որ եթե հավատարիմ լիներ իր այդ հանձնառությանը՝ պատրաստ կատարել ՀՀ-ի պաշտպանությունը գործընկերային մակարդակում հոգալու պայմանագրային պարտավորությանը, դա կաներ 2021-ին, 2022-ին, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ադրբեջանական ագրեսիային։ (Չենք խոսում ՀԱՊԿ-ի ենթադրվող անգործության մասին, քանի որ այդ կառույցի մեռած-չթաղած լինելու փաստը ժամանակ առաջ արձանագրեց նաև Պետդումայի պատգամավոր Կ. Զատուլինը՝ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո)։ Այնպես որ, ռուսական արձագանքը ԵՄ անդամակցության «սաղմնային» գործընթացին ընդամենը մեկ նպատակ ունի՝ համալրել իր ալիբիների ցանկը՝ արդարանալու, թե ինչպես ստացվեց, որ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՀՀ ռազմավարական դաշնակիցը անգործություն ցուցաբերեց։
Ի դեպ, ջղաձիգ արձագանքը միայն Մեդվեդևով չսահմանափակվեց, նրան երկրորդեցին նաև ՌԴ պետդումայի պատգամավորներ, և ամեն մեկն իր բռիությանը համարժեք հայտարարությամբ հանդես եկավ։ «Պուտինի սպեցնազը» համարվող՝ ՌԴ դաշնային խորհրդի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի «Ռոդինա» կուսակցության անդամներից մեկը՝ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը, օրինակ, գուժեց՝ «ԵՄ-ում ՀՀ-ին «մահ» կարող է սպասվել»։ «Այնտեղ Երևանը ոչ ոքի պետք չէ, և այս բոլոր խոստումներն օգտագործվում են միայն որպես գազար, որը կախված է էշի առջև՝ ձկնորսական կարթին՝ Հայաստանին գայթակղելու և բերելու այնտեղ, որտեղ, ամենայն հավանականությամբ, նրան մահ է սպասվում»,- ազդված լինելով իրենց «կոլխոզնիկ» գործընկերոջ՝ տխրահռչակ Լուկաշենկոյի բառապաշարից, նշել էր սույն պաշտոնյան։ Փաստորեն, «մահացած» համարվող պետության՝ ՌԴ-ի պետդուման ներկայացնում են փչացած երևակայությամբ մարդիկ, քանի որ միայն այդպիսի երևակայությունն ի վիճակի կլիներ համադրել ԵՄ-ն, էշը, գազարն ու ձկնորսական կարթը…
Ինչևէ, դառնանք մեր էշ… ներողություն, «ոչխարներին»։
Որ Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչները նույնպես գլխապատառ կնետվեն մեյդան ու մեդվեդևներից, կրեմլյան քարոզչամեքենայի մյուս «կացիններից» ավելի սուր ագրեսիվությամբ կկրճտացնեն իրենց ատամները ԵՄ անդամակցության գործընթացի դեմ՝ նույնպես սպասելի էր, բայց՝ միաժամանակ ահավոր զարմանալի։ Ինչո՞ւ, քանի որ «ԵՄ-ի գիրկը», ինչպես ժամանակին կծու հեգնանքով հայտարարում էր ռուսական ագիտպրոպը, ՀՀ-ին առաջինը «նետեց» ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, որին էլ, սակայն, «կես ճամփից» հարկադրեցին «ուշքի գալ» ու մտնել Մաքսային միության մեջ։ ՀՀ-ի արտաքին կողմնորոշման այս դրամատիկ պատմության մասին շատ է գրվել ու խոսվել, կրկնելը մազոխիզմի կվերածվի։ Ահա այս գործչի կուսակիցները, փաստորեն, վերջին օրերին իրար հերթ չտալով, ՀՀ գործող իշխանությանը մեղադրում են արկածախնդրության՝ ՌԴ-ի հետ դիմակայությունը խորացնելու մեջ, էն էլ «էս նեղ մաջալին», երբ Ադրբեջանը ՀՀ-ն անվանում է ֆաշիստական պետություն, սպառնում է նոր պատերազմով ու «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելով…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՌԴ շահերի ակտիվ ջատագով Տիգրան Աբրահամյանն, օրինակ, խոսելով ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալու մասին, մասնավորապես հայտարարել է. «Պրոցեսի ողջ էությունը ոչ այնքան դեպի ԵՄ անդամակցության մեկնարկ տալն է, որովհետև այնտեղ մեզ առանձնապես սպասող էլ չկա, որքան քաղաքական քայլ է, մի կողմից՝ ՌԴ-ից հեռանալու, մյուս կողմից՝ Արևմուտքին իր նվիրվածությունը ի ցույց դնելու համար: …Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու»։ Ընդդիմադիր պատգամավորը, ուշադրություն դարձնենք, արդեն իսկ ֆիքսել է, որ ՀՀ-ն «միայնակ է» և «մերկ», «ՌԴ-ն էլ չի պաշտպանելու մեզ», կարծեք, եթե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցրած չլիներ, ԵՄ-ին գրողի ծոցն ուղարկած լիներ, Պուտինի հետ էլ «ջան ասել, ջան լսելուց» լիներ, ՌԴ-ն անձնազոհաբար նետվելու էր իր «կրտսեր եղբորը» պաշտպանելու, ճիշտ այնպես, ինչպես 2021-ի մայիսին «օգնեց», նույն թվականի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին ու մեկ էլ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախն ազատագրելով ադրբեջանական 9-ամսյա բլոկադայից։
Այս համատեքստում հիշեցնենք, որ ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ վերջին առնվազն երկու տարիներին զբաղված են նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը Պուտինի ասածով խելոք կատարելու, այն է՝ Սյունիքով անցնող (մասնավորապես Ադրբեջանը Նախիջևանին կապող) ճանապարհի վերահսկողությունը ՌԴ ԱԴԾ-ին հանձնելու լոբբինգով։ Միայն այդ, այսինքն՝ ռուսական ծիր վերադառնալու, այսինքն՝ ծայրագավառի կարգավիճակը վերաստանձնելու դեպքում է, որ հնարավոր կլինի, ըստ նրանց, կանխել ՀՀ-ի «ադրբեջանացումն ու թրքացումը»։ Անշուշտ՝ մի պայմանով, որ ծիր վերադարձած ծայրագավառի «նաչալնիկը» լինեն իրենք՝ բերվելով իշխանության։
Այդ փափագին հասնելու համար, նկատենք, նախկին ռեժիմի համար այժմ ստեղծվել է նպաստավոր իրավիճակ. հաշվարկն այն է, որ մի կողմից Ադրբեջանը կսեղմի ՀՀ գործող իշխանությանը՝ հարձակվելով ՀՀ-ի վրա, մյուս կողմից էլ ՌԴ-ն՝ որպես ալիբի բերելով ՀՀ-ի «շեղումը» ռազմավարական-դաշնակցային հարաբերություններից ու ԵՄ-ի հետ սիրախաղեր տալը։ Այսպիսով, ՀՀ-ն կմնա միայնակ Ադրբեջանի երախի դեմ, և Ռուսաստանը Փաշինյանին պատժելու լեգիտիմ հիմք կունենա՝ իշխանության բերելով ՌԴ-ին հավատարմության երդում տվող ուժերին՝ ի դեմս նախկին ռեժիմի պարագլուխների։
Այնպես որ, ՀՀԿ-ի և այլ ընդդիմադիրների գլխապատառ հայտարարություններն ու ՀՀ իշխանությունների դեմ «ցուցմունք տալու» քստմնելի վարքագիծը մեկ նպատակ ունեն, որի մասին արդեն նշեցինք քիչ վերը՝ աչքի ընկնել որպես «նամեստնիկ»-ի թեկնածու մի տարածքի, որը չի ունենա ինքնիշխանություն, կանի ու կվարվի այնպես, ինչպես կասի և կհաճի Կրեմլի կառավարիչը։
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ իշխանությանն ուղղված զգուշացումները՝ ԵՄ անդամակցության օրակարգի հակառուսական, իմա՝ «կործանարար» լինելու վերաբերյալ, և այդ համատեքստում իշխանափոխության հույսեր փայփայելը ստիպեցին հիշել Սերժ Սարգսյանի 2021 թ. ապրիլին տված հարցազրույցը, որում վերջինս խոսում է իր հրաժարականի հնարավոր «արտաքին շահառուների» և գործոնների մասին։ «Հնարավոր է, պատճառներից մեկը հետևյալն էր. ինչպես հայտնի է՝ մենք անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, և դա արեցինք մեր ցանկությամբ, կամավոր՝ հաշվի առնելով մեր երկրի շահերը: Արևմտամետ ընդդիմությունը դա որակեց որպես Ռուսաստանի կողմից պարտադրանք, թեև պաշտոնական Արևմուտքը որևէ բացասական արձագանքի չարժանացրեց, բայց, միգուցե, իրենց մոտ որոշակի, ինչպես ասում են, նստվածք կար: Այնուհետև մենք սկսեցինք բանակցել Եվրամիության հետ և ստորագրեցինք համապարփակ համագործակցության համաձայնագիր՝ իհարկե, հաշվի առնելով մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները շատ զուսպ արձագանքեցին՝ որևէ բացասական տարր չկար, ընդհակառակը՝ դա համարեցին նորմալ, բայց հնարավոր է՝ այստեղ էլ որոշակի նստվածք կար:Եվ չենք բացառում երրորդ տարբերակը, որ կարող է ինչ-որ ուժերի կողմից սխալ հաշվարկներ կատարվեին: Այսինքն՝ նրանց նպատակը չլիներ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը, այլ որոշակի դաս տալը, որ՝ խելոք մնացեք, հակառակ դեպքում այսպիսի բան կարող է լինել: Չգիտեմ, թե այդ տարբերակներից որը կարող էր լինել իրական»,-մասնավորապես նշել էր Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը, որն, ի դեպ, իր ամանորյա շնորհավորական ուղերձում բավական կոշտ էր արտահայտվել իշխանության հասցեին ու կարծես մոտալուտ իշխանափոխության անոնս արել, հույս ունի, որ նույն «սցենարը», որը 2018-ին հեռացրեց իրեն իշխանությունից, կարող է կիրառվել նաև 2025-ին՝ հեռացնելով իրեն ժամանակին հեռացրած իշխանությանը։
Հ. Մանուկյան