Ինձ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում. տեսանյութ

Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է՝ որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։

Ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը համակարգում 12 տարվա ծառայող է։

Ինչպես հայտնել ՆԳՆ ոստիկանությունից, ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում:

90 մեդալ, 150 պատվոգիր․ Հայաստանի դրոշը միջազգային տարբեր հարթակներում բարձրացրած մարզուհին ոստիկանության ապագա ծառայողներին, ինչպես նաև մարզիկներին խորհուրդ է տալիս առանց տատանվելու գնալ նպատակներին ընդառաջ։

«2013 թվականն էր, երբ Ժաննան իմացավ, որ ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը ծառայողներ են անհրաժեշտ: Դիմեց առանց վարանելու։

Նշում է, որ միշտ ցանկացել է ծառայել ոստիկանությունում։ Ընդունելության վերջին օրն է իմացել հայտարարության մասին․ բոլոր չափանիշներով համապատասխանել է և ընդունվել։

Ժաննան նշում է, որ և՛ մարզիկը, և՛ ոստիկանության ծառայողը պետք է լինեն բարձր կամային հատկանիշներով օժտված` ուժեղ հոգեպես և ֆիզիկապես։
Ասում է` առաջինը լինելու ձգտումը մարդկային հատկանիշ է․ պետք է պայքարես, հակառակ դեպքում ո՛չ սպորտում հաջողության կհասնես, ո՛չ ծառայության մեջ։

Մարզվում է երեկոյան ժամերին՝ ծառայությունից հետո: Իսկ ղեկավարների մասին գոհունակությամբ նշում է, որ միշտ էլ սատարել են իրեն` հնարավորություն տալով մասնակցելու միջազգային մրցումների, թիմային և անհատական մրցաշարերի։

Ժաննա Շահնազարյանը ուժային եռամարտի աշխարհի՝ ութակի, Եվրոպայի՝ կրկնակի չեմպիոն է և եռակի ռեկորդակիր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն:
Ժաննան ընկերներ ունի և՛ սպորտում, և՛ ծառայության մեջ, ընկերներ, որոնց վրա ինքը կարող է հույս դնել, ինչպես և նրանք` իր վրա: Սակայն վստահ է, որ յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ անցնի իր ճանապարհը, որքան էլ այն դժվար լինի, փորձություններով լի։

Ժաննան վստահ է՝ ինչպես սպորտում, այնպես էլ ծառայության մեջ պետք է անմնացորդ նվիրվես` առանց գնահատականի ակնկալիքի: Իսկ եթե ճանապարհդ ճիշտ է, գնահատականը, միևնույն է, վաղ թե ուշ՝ կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը և աշխատանքի արդյունավետությունը, միաժամանակ հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ Պարեկային ծառայության թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ հատկացվել է իգական սեռի դիմորդներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ