Ալիևի հայտարարություններից հետո պատահական չէր Էրդողանի զանգը Բաքու, դրանք դուր չեն եկել նրան. Ռոբերտ Ղևոնդյան

 

 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարությունների վերաբերյալ:

— Պարոն Ղևոնդյան, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի հռետորաբանության կոշտացումը: Դրանք կարո՞ղ են պայմանավորված լինել որևէ երկրի հետ:

— Այն, որ հիստերիա կար Ալիևի հայտարարություններում, փաստ է, բայց այն, որ այստեղ կար նաև հստակ դիվանագիտական արձագանք այն իրավիճակին, որը ձևավորվել է աշխարհում, և այն հայտարարություններին կամ մոտեցումներին, որոնք կան Ադրբեջանի նկատմամբ: Հիմանական և առաջնային աչքի ընկնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն է, և մենք տեսնում ենք, որ ընդհանուր հարցազրույցում Ալիևը Ֆրանսիայի նկատմամբ որոշակի հարձակումներ է իրականացնում, իսկ ավելի կոնկրետ՝ Մակրոնի այն հայտարարությունն է, թե «Ադրբեջանը Արցախը վերցրել է փաստացի ՌԴ-ի օգնությամբ», և այնտեղ շատ ցավոտ են ընդունում նման հայտարարությունները: Հիշենք, որ նման կերպ Ալիևը պատասխանեց նաև Էրդողանի այն հայտարարություններին, թե «մի օր մտան Արցախ»: Այստեղ ևս կասկածի տակ է դրվում, որ Ադրբեջանն ինքնուրույն է Արցախի հարցը լուծել, ինչը նյարդայնացրել է Ալիևին, և պատասխանի այս տրամաբանությունը կանխագուշակելի էր:

Իսկ եթե ընդհանուր գնահատենք, ապա այս հայտարարությունների հիմնական հասցեատերը տարբեր բևեռներն էին, այդ թվում՝ և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն, և՛ ՌԴ-ն՝ տարբեր նկատառումներով: Առաջին և գլխավոր մտահանգումն այն է, որ Ալիևը ցանկանում է հիշեցնել իր մասին, իր հնարավորությունների մասին, նույնիսկ որոշ չափով շանտաժի է դիմում և սպառնում ապակայունացնել տարածաշրջանը, եթե իր հավակնություններին համապատասխան ուշադրություն չդարձնեն:

— Այսինքն՝ Մակրոնի հայտարարությունը, որը հօգուտ Հայաստանի էր, կարո՞ղ է լարել իրավիճակը:

— Չեմ կարծում, որքան էլ որ Ալիևը կարող է հիստերիկ հայտարարություններ անել, նա միաժամանակ բավականին պրագմատիկ քաղաքական գործիչ է և կարողանում է իրավիճակը գնահատել, և այդ հայտարարությունները չեն, որ պետք է սրեն իրավիճակը Ադրբեջան-Հայաստան սահմաններին:

— Շատերը կարծիք են հայտնում, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու մասին էր ազդարարում, շատերն էլ կարծում են, որ այս ամենը վախի մթնոլորտ առաջացնելու նպատակադրմամբ է իրականացվում: Դուք ի՞նչ եք կարծում:

— Սա նույնիսկ կարող է իրական պատերազմի սպառնալիք լինել, բայց այդ սպառնալիքը ուղված չէ Երևանին, հիմնականում ուղված է այլ կենտրոնների, որտեղ Ադրբեջանի հավակնություններին համարժեք ուշադրություն չեն դարձնում: Ադրբեջանը կարող է, օրինակ, ՀՀ-ի նկատմամբ ոտնձգություն իրականացնել, բայց դա չի լինելու նրա համար, որ Ալիևը ցանկանում է ՀՀ-ն վերացնել կամ «ֆաշիստական» կարգերը փոխել, սա, իհարկե, միայն մակերեսային ծածկույթն է: Իրականում դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը տեսնի, որ կարևոր մայրաքաղաքներում իր շահերը ոտնահարվում են, և այսպիսով փորձի կա՛մ վրեժ լուծել, կա՛մ շանտաժի ենթարկել: Շատ կարևոր մի նկատառում կա. Ալիևը հիմնականում խոսում է ոչ թե ՀՀ-ի հետ, այլ խոսում է, ըստ իր պատկերացումների, ՀՀ կուրատորների կամ կառավարողների հետ:

— Ասացիք, որ Ալիևը բորբոքվում է, երբ իր շահերը կարևոր մայրաքաղաքներում հաշվի չեն առնում. որո՞նք են այդ անտեսված շահերը:

— Գլխավոր շահը, որը ոտնահարվում, և գլխավոր ձեռքբերումը, որն Ադրբեջանը ուզում է ամրագրել և չի հաջողվում, այն է, որ ցանկանում է աշխարհում այլևս ներկայանալ որպես տարածաշրջանում գերակայող պետություն կամ հեգեմոն, և դա չեն ընդունում հիմնական կենտրոնները՝ Եվրոպան, ԱՄՆ-ն, որոշակիորեն Թուրքիան: Իսկ նման կերպ ընկալվելու առաջնահերթությունն այն է, որ Ադրբեջանն ուզում է աստիճանակարգում ունենալ ՀՀ-ի և Վրաստանի նկատմամբ: Ի՞նչ է դա ենթադրում, որ Ադրբեջանը տարածաշրջանում այլևս խնդիրներ լուծող պետություն է, և ՀՀ-ն ու Վրաստանը ենթակա պետություններ են, և նրանց հետ հարաբերություններ զարգացնելու համար նախևառաջ պետք է խոսեն Բաքվի հետ, ինչպես նախկինում Մոսկվայի պարագայում էր: Ադրբեջանն ուզում է այդ տեղը գրավել, և որ դա ճանաչի աշխարհը: ՌԴ-ն որոշ չափով ճանաչում է՝ հաշվի առնելով տնտեսական շահերը և միջանցքային տրամաբանության առումով շահերը, ի տարբերություն ԵՄ-ի, ԱՄՆ-ի, որոնք չեն ընդառաջում Ադրբեջանին այս հարցում, այլ հակառակը՝ կասկածի տակ են դնում Ղարաբաղի հարցում նրա միայնակ հաղթանակը, ինչը նյարդայնացնում է Ալիևին և բերում նման հայտարարությունների:

— Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է իրեն կարգել, այսպես ասած, «տարածաշրջանի նայո՞ղ»:

— Ադրբեջանը, իր պատկերացմամբ, արդեն տարածաշրջանի «նայողի» կարգավիճակ ունի, ցանկանում է, որ դա ճանաչվի, սակայն, ինչպես նշեցի, աշխարհի ուժային կենտրոնների մեծ մասը դա չի ընդունում և ճանաչում: Պատահական չէր, որ Ալիևի հայտարարություններից անմիջապես հետո տեղի ունեցավ Էրդողանի զանգը Բաքու, ենթադրում եմ, որ այդ հայտարարությունները այնքան էլ դուր չեն եկել Էրդողանին:

— Ալիևը պարբերաբար «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթն է շրջանառում: Սա ի՞նչ միտում ունի:

— Խնդիրը ոչ թե տարածքային պահանջն է, այլ, որ Հայաստանը անընդհատ կախում ունենա իր կողմից կառավարվող խնդիրներից: Այսինքն՝ ՀՀ այդ՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը չլինի այսօր Ադրբեջանի կազմում, բայց վիճարկվի որպես նախկինում Ադրբեջանի տարածք: Երբ մտնում եք այդ «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության կայքէջ, այնտեղ հենց այդպես էլ նշված է՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր «Արևմտյան Ադրբեջան»-ի տարածքը ցարական ՌԴ-ն, հետո բոլշևիկյան Ռուսաստանը հայերով է բնակեցրել, և հետո ստեղծվել է ՀՀ-ն: Տրամաբանությունն այն է, որ այս տարածքը ոչ թե վիճարկում է Ադրբեջանը, այլ այդտեղ խնդիրներ կան, որոնք անընդհատ պետք է լինեն, որպեսզի ՀՀ-ն չկարողանա դրանցից ձերբազատվել և բռնել զարգացման ճանապարհը:

— Կան պնդումներ, որ սպասվող՝ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը ևս պատճառ է, որ Ալիևը տորպեդահարում է խաղաղության գործընթացը: Դու ի՞նչ եք կարծում:

— Գլխավոր վախը Ալիևի այն է, որ Միացյալ Նահանգները դա անում է առանց Ադրբեջանի համաձայնության և շրջանցելով Ադրբեջանի կարծիքը, իսկ Ալիևը ցանկանում է, որ իր կարծիքը մեր տարածաշրջանի բոլոր գործընթացներում լինի առաջնահերթ: Ներկա պահին Հայաստանը պետք է շարունակի ավելի համառ կերպով աշխատել տարբեր ուղղություններով, առաջին հերթին՝ բանակի վերափոխման, տնտեսության զարգացման հետ կապված, արտաքին քաղաքականություն, նույնը՝ ԱՄՆ-ի հետ: Ֆրանսիայի հետ է պետք աշխատել, ՌԴ-ի հետ՝ մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ԵԱՏՄ-ն լքելու հետ կապված:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ