ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։

Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը»,- ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։

Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։

Հիշեցնենք՝ Կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ