Այո՛, Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Եվ Հայաստանում այս տեքստի ընդունումը որպես օրենք կնշանակի Հայաստանի ԵԱՏՄ դեինտեգրացիայի, ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։ Միաժամանակ նա կարևորեց այս օրենքի ընդունումը Հայաստանում։
Քաղաքագետի կարծիքով՝ միշտ կա էսկալացիայի վտանգ, քանի դեռ ստորագրված չէ խաղաղության պայմանագիր։ Անգամ այն ստորագրելը միանշանակ երաշխիք չի լինի, որ այլևս երբևիցե էսկալացիա չի լինելու։ «Հեռու եմ այն մտքից, որ Ադրբեջանը անուղեղ գործիք է Ռուսաստանի ձեռքին՝ ռուսական ծրագրերն իրականացնելու։ Ադրբեջանը շատ ավելի դիմադրունակ պետություն է, քան Հայաստանը, ու ավելի անկախ Ռուսաստանից, քան Հայաստանը։ Ռուսաստանի համար այդքան հեշտ չէ Ադրբեջանին ինչ-որ բան ստիպել։ Այնտեղ ուրիշ տարբերակ կարող է լինել՝ որ Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնեն ու իրար հետ աշխատեն՝ Հայաստանին ինչ-որ հարվածներ հասցնելու համար»,- ասաց Քոչինյանը։
Էսկալացիայի հավանականությունը էականորեն կախված է ԱՄՆ-ից և Թրամփից, ինչպես նաև Իրանից, որը լրջորեն թուլացել է։ Կարևոր է նաև Ռուսաստանի ներուժը՝ թե ինչպես դուրս կգա Ուկրաինայի հետ պատերազմից։ Քոչինյանի կարծիքով՝ կարևոր խաղացողներ են նաև Թուրքիան ու Իսրայելը։ Մեծ Մերձավոր Արևելքում նրանք են հիմնական դերակատարները. բոլոր տեղերում հարցերը լուծում է կա՛մ մեկը, կա՛մ մյուսը, կա՛մ համատեղ։ Որոշ չափով դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին։
Քոչինյանը կարևորեց նաև ԵՄ դիտորդների դերը էսկալացիա թույլ չտալու հարցում։ Նաև նշեց՝ պետք է ավելացվի նաև նրանց թվաքանակը։
Քաղաքագետը կարևորեց նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումը։ Այն, որ այդ փաստաթուղթը ստորագրվում է Բայդենի ադմինիստրացիայի հետ, սակայն օրեր անց նախագահությունը ստանձնելու է Թրամփը, Քոչինյանի կարծիքով՝ սահմանափակելու է փաստաթղթի ազդեցությունը, բայց ասել, որ դա դառնում է մակուլատուրա՝ սխալ է։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ նույն պետությունը։
Մանրամասն՝ տեսանյութում