Եռաբլուրում ծաղիկներ գողացածներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների շիրիմների մոտից ծաղիկներ գողացած 3 անձի կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գողությանը հանցակցելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին»,- նշել են ՔԿ-ից:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին համացանցում ակտիվորեն շրջանառվում էր մի տեսանյութ, որում երևում էր, որ Եռաբլուրի գերեզմաններից թարմ ծաղիկներ են գողանում։ ՊՆ ռազմական ոստիկանությունը այդ անձանց նույնականացրել էր և հայտնաբերել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ