Շատ բարդ է լինելու, բոլոր միջոցները գործադրելու են. ինչ սպասել առաջիկայում ՌԴ-ից և Ադրբեջանից. տեսանյութ

Կառավարությունը 2025 թվականի առաջին նիստի ժամանակ հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր Եվրախորհրդարանում 2023թ․ աշնանը ունեցած ելույթը, երբ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

Նա նաև նկատել էր՝ վերոնշյալ օրենքի ընդունմամբ պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ:

Ու թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, որովհետև այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով, այնուամենայնիվ, Ռուսաստանից արձագանքները չուշացան:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում: Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ավելի ցինիկ կերպով արձագանքելով, հայտարարեց, թե «Հայաստանի իշխանությունները փորձում են նշանադրվել ԵՄ-ի հետ»՝ միաժամանակ հեգնելով, թե «Եվրամիությունն իր ետևում ունի ուկրաինական հիանալի փորձը»:

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սա ցույց է տալիս, թե մենք ինչ կարևոր դիրք ունենք Ռուսաստանի համար, այն դեպքում, երբ ասում են, թե այդ երկրին պետք չենք:

Ըստ Դալլաքյանի՝ ամենաառանցքային և կարևոր հայտարարությունը, սակայն, արել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որ նման քայլ անելու դեպքում Հայաստանում թանկանալու են էներգակիրները:

Հարցին, թե Ալիևի կոշտ հռետորաբանությունն ու սպառնալիքները կապ ունե՞ն այս գործընթացների հետ, զրուցակիցը կարծիք է հայտնում, որ ունեն, և խնդիրը միայն Եվրամիությունը չէ, այլ հայ-ամերիկյան խորացող հարաբերությունները:

Դալաքյանի համոզմամբ՝ համապատասխան աշխատանքի դեպքում Հայաստանը կարող է նվազագույն ռիսկերով դուրս գալ այս իրավիճակից:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ