Հունվարի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով,որը սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։
Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։
Ավելի վաղ սոցցանցի իր էջում Բաբայանը հայտնել էր, որ ինքն ու ընկերները ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Բաբայանը ձերբակալված չէ, ձերբակալված են նրա հետ գտնված երկու անձինք: