«Գնում ենք դեպի Եվրամիություն՝ միանգամից չի նշանակում, որ մենք ինչ-որ մի տեղից դուրս ենք գալիս ու ինչ-որ մի տեղ գնում ենք: ԵՄ-ին անդամակցելու կամ դեպի Եվրամիություն քայլեր անելը բավականին երկար ժամանակ է, բավականին գործընթացներ են տեղի ունեցել: Վարչապետն էլ կառավարության նիստի ընթացքում նշեց վիզաների ազատականացումը և այլն: Այսինքն քայլեր են, որ մեր երկրին ավելի լավ վիճակի մեջ են բերելու: ԵՄ անդամակցությունը ոչ վաղն է լինելու, ոչ էլ մյուս օրը: Դա որոշակի գործընթացներ է նախատեսում»: Ազգային ժողովում իր ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Հարցին՝ Հայաստանին սպասո՞ւմ են Եվրոպական միությունում, Ղազարյանը պատասխանեց. «Մենք չէ, որ պետք է այդ հարցին պատասխանենք, մենք մեր քայլերը կանենք, կտեսնենք ընթացքում ինչ կլինի:
Մենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չենք փչացնում, բացարձակապես: Մենք նորմալ հարաբերություններ ենք ուզում կառուցել, չնայած տեսանք, թե ինչպիսի կոշտ հայտարարություններ են անում ՌԴ-ից: Ամեն դեպքում մենք հակված ենք ոչ թե հարաբերությունները փչացնելու, այլ պետք է նայենք մեր երկրի շահից ելնելով, թե մեր երկրի համար որն է ավելի բարենպաստ: Մենք ուզում ենք բարիդրացիական կամ նորմալ հարաբերություն ունենալ բոլոր երկրների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի»:
Ղազարյանը հավելեց՝ ՀՀ-ն առաջնորդվում է իր շահերով. «Եթե մենք տեսնում ենք, որ կարող ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը՝ ինչի՞ քայլ չանել այդ ուղղությամբ»։