Կրեմլում չեն հասկանում, որ ՌԴ-ն որպես Հայաստանի ընտրություն եղել է սխալ, որը հիմա շտկվում է

ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկին։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով. ԵՄ-ի հետ պետք է մշակել ճանապարհային քարտեզ:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։

«Սա ողջունելի որոշում է, բնականաբար նախագիծը կգնա ԱԺ և կստանա օրենքի տեսք: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այն որոշումը, որը կայացրել է ՀՀ կառավարությունը, պատճառաբանված է եղել նաև հանրային կարծիքով և հանրային մոտեցումներով։ Մենք գիտենք, որ հավաքվել է շուրջ 60 000 ստորագրություն՝ ԵՄ անդամակցության հետ կապված հանրաքվե անելու, և ողջունելի է, որ կառավարությունն ու իշխող ուժը հաշվի են առնում հանրության կարծիքը և նման որոշում կայացնում։ Իսկ ինչ վերաբերում է բուն գործընթացին՝ Հայաստան-ԵՄ հարաբարերություններին, սա ինչ-որ առումով տրամաբանական էր՝ հաշվի առնելով նախորդ ժամանակահատվածներում Հայաստան-ԵՄ հարաբերություններում տեղի ունեցած դինամիկ զարգացումները, և փաստացի, հատկապես 2024 թվականն այդ առումով բավականին ակտիվ է եղել»,- ասաց քաղաքագետը։

Վարչապետի այս հայտարարությանը անմիջապես արձագանքեցին Կրեմլից։ Պեսկովը ասել է, որ անհնար է միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և Եվրամիության մասնակցության միջև։ Մի շանտաժային հայտարարություն էլ արել էր ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ այնպիսի տպավորություն է, որ այդ բոլոր հայտարարությունները գրված պատրաստ էին և սպասում էին այդ որոշման կայացմանը, որպեսզի հրապարակեին։

«Այո, Մոսկվայից արձագանքը բավականին արագ եղավ, և ցավալիորեն Մոսկվայում կամ Մոսկվայի քաղաքական էլիտայում այդպես էլ չեն հասկանում, որ Հայաստանի այս ընտրությունը եղել է նաև այն պատճառով, որ Ռուսաստանը, որպես ընտրություն, ժամանակին Հայաստանի համար եղել է սխալ, և այդ սխալն այսօր ուղղվում է: Դրա մեղավորը նախևառաջ Ռուսաստանն է, որը չի կատարել իր դաշնակցյաին պարտավորությունները։ Այս ընտրությունը հիմնականում պայմանավորված է անվտանգային խնդիրներով»,- ասաց Էդգար Առաքելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ