«Դատարանի որոշմամբ` «Շանթին» պետք է վճարեմ 12.5 մլն դրամ, որը չունեմ, տունս էլ կալանքի տակ է». X Factor 4-ի մասնակից Դավիթ Չախալյան

«Շանթ» հեռուստաընկերությունը դատի է տվել  X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանին։ Համաձայն մեղադրանքի` երգիչը խախտել է X Factor նախագծի շրջանակում կնքված պայմանագրի կետերը։

«Համաձայն այդ կետերի՝ ես իրավունք չունեմ առանց «Շանթ» Հ/Ը-ի համաձայնության որևէ կերպ օգտագործել իմ անունը, կատարողական ունակությունները, իրավունք չունեմ կնքելու որևէ պայմանագիր, մասնակցելու որևէ երաժշտական  միջոցառման կամ մրցույթի, աշխատելու որպես երգիչ:

Այսինքն` համաձայն այդ պայմանագրի` ստացվում է, որ ես իրավունք չունեմ առհասարակ հաց վաստակելու առանց հեռուստաընկերության համաձայնության»,- նշեց երաժիշտը։

Դատարանի վճռով` Դավիթը պարտավորվում է վճարել 12,5 միլիոն դրամ տուգանք։ «Դատավորը բավարարել է «Շանթ» Հ/Ը-ի հայցը և արդյունքում, ես «Շանթ» Հ/Ը-ին պետք է վճարեմ 12,5 մլն դրամ գումար, բացի այդ, տունս այժմ գտնվում է կալանքի տակ։

Ես բավականին մեծ գումար էլ պետք է վճարեմ տունն ազատելու համար։ Չգիտեմ` ինչպես եմ վճարելու։ Իհարկե, համապատասխան ֆինանսական միջոցներ չունեմ, սակայն հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կկարողանամ դուրս գալ այս աբսուրդային իրավիճակից, եթե ոչ, ապա այս պահին, իսկապես, չեմ պատկերացնում ՝ ինչ եմ անելու»,- ասաց Դավիթը։

Դավիթը կարծում է, որ իր համար անսպասելի ընթացքը պայմանավորված է նախագծից դուրս մնալուց հետո իր երկրպագուների կողմից բարձրացված բողոքի ձայնով։

«Նրանց բարկացրել էր այն հանգամանքը, որ համաձայն նախագծի կանոնների` պետք է քվեարկեին ժյուրիի անդամներից բոլոր 4-ը, սակայն իմ՝ նախագիծը լքելու ժամանակ ներկա են գտնվել միայն երեքը։

Ես, ի վերջո, լքեցի նախագիծը, որից հետո բազմաթիվ երկրպագուներ կամ ուղղակի նախագծի հետևորդներ իրենց կարծիքները հայտնեցին, ըստ որոնց, որոշումն անարդար էր, լրատվական կայքերը սկսեցին գրել այդ մասին։

Ես ինքս երբեք չեմ ասել, որ ես չպետք է դուրս մնայի, ընդհակառակը, դրանից հետո իմ կողմից միայն երախտիքի խոսքեր են հնչել նախագծի, ինձ հետ աշխատած թիմի և «Շանթ» Հ/Ը հասցեին, իսկ մյուսներն ունեն սեփական կարծիք հայտնելու և սեփական դիրքորոշում ունենալու իրավունք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ