Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև միջադեպ, քաշքշուկ չի եղել. Սիմիդյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև որևէ միջադեպ, քաշքշուկ չի եղել:

Այս մասին ասուլիսի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ ՔՊ նիստին քննարկվել է նաև անտառահատումների խնդիրը։

Նշենք՝ մամուլի որոշ հրապարակումների համաձայն, ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

«Միջադեպ չի եղել, տասնյակ մարդիկ են ներկա եղել քննարկման ժամանակ, հանդիպումից հետո, գուցե, երկու գործընկեր խոսել են, բայց որևէ քաշքշուկի ես ականատես չեմ եղել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Քաշքշուկին մոտիկ բան էլ չի եղել, գուցե, խոսակցություն է եղել, մարդիկ այլ տպավորություն են ստացել»,- մեկնաբանելով, ասել է Սիմիդյանը

Նախարարի խոսքով՝ այդ թեմայով քննարկում է եղել ոչ միայն երեկ՝ հունվարի 9-ին, այլ նաև դեկտեմբերին։

«Երեկվա քննարկումը շարունակությունն է եղել։ Կուսակցությունում քննարկվել է անտառահատումների խնդիրը, որևէ արտառոց բան չկա»,-ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ