Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ եթե Հայաստանը ցանկանում է գնալ Եվրամիություն, ապա պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա:
«Ես վստահ եմ, որ ՌԴ-ն փորձելու է այս ամենը օգտագործել որպես շանտաժի առարկա՝ մեջբերելով իրենց հիմնական թեզերը, որ ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունն աճում է, որ եկամտաբեր է, բայց պետք է մի հանգամանք էլ հաշվի առնենք, որ այդ ամենը երկուստեք է, և ոչ միայն ՀՀ-ն է օգուտներ քաղում, այլ նաև ՌԴ-ն: Այս պահի դրությամբ տարեկան մաքսերը մենք ավելի շատ տալիս ենք ԵԱՏՄ բյուջե, քան վերցնում ենք: Այնպես որ, այս գործընթացը երկուստեք է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Հարցին՝ Հայաստանի՝ դեպի Եվրամիություն գնալու քայլերը կարո՞ղ են պատճառ դառնալ, որ Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով նոր պատերազմ սանձազերծի, քաղաքագետը նկատում է՝ եթե ՌԴ-ն կարողանար դա անել, ապա կաներ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, որովհետև հաշվարկը հենց դա էր. «Այս պահին նրանք հնարավորություն չունեն ճնշել Ադրբեջանին այնքան, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Եթե նրանք այդ հնարավորությունն ունենան, չեն սպասի»:
Միաժամանակ Ստեփանյանն ասում է՝ պարզ է, որ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ադրբեջանը շահագրգռված չեն, որպեսզի Հայաստանը գնա դեպի ԵՄ, և պարզ է, որ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի խոչընդոտեն:
«Դեպի ԵՄ ճանապարհը հեշտ չի լինելու. 27 երկիր է, պետք է բոլորի հետ լեզու գտնենք: Բայց պատկերացրեք, որ մենք մնում ենք ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, Ադրբեջանի հետ ունենում ենք այն հարաբերությունները, որ ունենք, նոր անվտանգային երաշխիքներ չենք ստեղծում, բանակը չենք վերազինում, նոր ալիանսներ չենք ստեղծում, ԱՄՆ-ի հետ ռազմավարական պայմանագիրը չենք կնքում: Ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում նոր պատերազմի, ՀՀ մասնատման ռիսկերը բազմապատիկներով աճելու են»,- ասում է Ստեփանյանը:
Հարցին՝ իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում արդյո՞ք ռիսկեր չի տեսնում, զրուցակիցը պատասխանում է. «ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ճիշտ աշխատելու պարագայում ՌԴ-ի հետ, վստահեցնում եմ, այդ ռիսկերը հնարավոր է հասցնել նվազագույնի, նույն Ադրբեջանը, կամ Ուզբեկստանը շատ հանգիստ առևտուր են անում ՌԴ-ի հետ՝ ԵԱՏՄ անդամ չլինելով: Եթե իրենց դեպքում հաջողվում է, ինչո՞ւ չպետք է մեզ հաջողվի: Մենք ԵԱՏՄ-ում մնալու որևէ կարիք չունենք, սա ՍԵրժ Սարգսյանի հակասահմանադրական որոշումն է, որովհետև հանրաքվե չի արել էս հարցով և արել է մեկ պատճառով՝ իր իշխանությունը պահելու և պատերազմի հեռանկարը երկարաձգելու համար: Վստահեցնում եմ, որ մենք կարող ենք ԵԱՏՄ-ից դուրս գալ և շարունակել ՌԴ-ի հետ նույն առևտրային հարաբերությունները, որովհետև դա ՌԴ-ին էլ է պետք: ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով էլ ոչ մի ռիսկ չկա, սա ուղղակի տեխնիկական հարց է, խաղաթուղթ է, որ մենք պահել ենք, որ վերջին պահին հանենք, գցենք սեղանի վրա: Չեմ բացառում, որ այս տարի մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած վերջին սուր հայտարարություններին, Ստեփանյանը տեսակետ է հայտնում, որ դրանք ոչ այնքան կապ ունեն ռուսական գործոնի և ռուս սահմանապահների հայ-իրանական սահմանից դուրս բերման հետ, որքան Թրամփի:
«Ալիևի խոսույթը հիմնականում ուղղված է Թրամփին, որովհետև նա իր ծառայություններն է առաջարկում ամերիկյան նոր վարչակազմին: Թրամփը սկսում է նոր քաղաքականություն՝ տարածքային պահանջներ Կանադայի, Պանամայի, Դանիայի նկատմամբ, և տպավորություն է, որ Թրամփի պաշտոնավարման 4 տարիները լինելու են բավականին անհանգիստ: Հիմա էդ կեղտոտ գործերի համար Թրամփին անհրաժեշտ են մարդիկ, որոնց ես անվանում եմ «միջազգային խուլիգաններ», և այդ միջազգային խուլիգաններից մեկը Իլհամ Ալիևն է, որն առաջարկում է իր դերակատարությունը: Ինքն ասում է՝ ես կարող եմ անել դա, որովհետև տարածաշրջանում հարց լուծողը ես եմ, ունեմ բանակ, զենք: Իր հիմնական ուղերձը սա էր, և ինքը խոսում է որպես տարածաշրջանի հեգեմոն, այդպես է իրեն ներկայացնում, ձեռքի հետ էլ, իհարկե, ուզում է ՀՀ-ի հետ հարցերը լուծել»,- նկատում է Ստեփանյանը:
Վերջինս նաև ընդգծում է՝ Ալիևին անհանգստացնում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ կնքվելիք համաձայնագիրը:
«Ալիևը նաև իր հարցազրույցում է ասել, որ պատրաստ է նույն ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրել ԱՄՆ-ի հետ: Ալիևը փորձում է ԱՄՆ-ի հետ ստեղծել զուգահեռ մակարդակի հարաբերություններ, որը կա ՀՀ-ի և ԱՄՆ-ի մեջ: Մենք պետք է հռչակենք ճանապարհը դեպի քաղաքակիրթ աշխարհ, տվյալ դեպքում՝ դեպի ԵՄ, մեզ համար առաջնահերթություն պետք է այդ օրենքն ընդունենք, հայտը ներկայացնենք, ինչպես ասում է վարչապետը, հանրաքվե անենք: Երբ որ մեզ ստիպեն ԵԱՏՄ-ից դուրս գալ, պետք է դուրս գանք, որովհետև այլ ճանապարհ չունենք: Բայց մինչև դա մենք ունենք բավականին երկար ժամանակ, որպեսզի մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնենք, մեզ պետք են ֆինանսական հնարավորություններ, որպեսզի այդ ճանապարհին դիմակայենք: Մենք այլընտրանք չունենք, որովհետև եթե դա չանենք, վաղ թե ուշ մեզ մասնատելու են»,- եզրափակում է նա: