Խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը․ ՏԿԵ նախարարը ամփոփեց 2024-ը

2024 թվականին ՀՀ-ում նորոգվել է 503 կիլոմետր ճանապարհ։ Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ինչ վերաբերում է սուբվենցիոն ծրագրերին, ապա նախարարի խոսքով՝ դրանք աննախադեպ ծավալի են հասնում։

Մարզերում տրանսպորտի վերաբերյալ նախարարն ասաց, որ 2024 թվականի ընթացքում կայացել են Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջանների և Արագածոտնի մարզի միասնական երթուղու օպերատորների մրցույթները, ընկերությունները պատրաստ են իրականացնելու ուղևորափոխադրում՝ անհրաժեշտ փաստաթղթավորում անցնելուց հետո։

Խոսելով նաև մամուլում հրապարակված մի նյութի մասին, որում խոսք է գնում անորակ ասֆալտի մասին, նախարարն ասաց, որ գործընկերների հետ քննարկելուց հետո գրություն են ուղարկել դատախազություն՝ ուսումնասիրելու հոդվածում առկա նյութերը։ Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ իրենց համար անորակ աշխատանքը, ցանկացած ծավալի, անընդունելի է։

«Ճանապարհների որակին անդրադառնամ, թերևս։ Մենք ճանապարհների որակի հետ կապված բազմաթիվ դիտարկումներ ունենք և ինքներս էլ նկատառումներ ունենք։ Ճանապարհային դեպարտամենտի մեր գործընկերների հետ, որպես ոլորտի խոշոր պատվիրատու, քննարկել ենք այս հարցը և եկել ենք այն եզրահանգման, որ բացառապես 2025 թվականի ընթացքում բոլոր ճանապարհները, որտեղ պետությունը, ճանապարհային դեպարտամենտը հանդիսանում է պատվիրատու, շահագործման կընդունենք Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի համապատասխան եզրակացություն ունենալու պարագայում»,- ասաց նախարարը։

Խոսելով հյուսիս-հարավ ճանապարհի մասին՝ նախարարն ասաց, որ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել վերջին տարվա ընթացքում։

Ինչ վերաբերում է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկմանը և այլ կոմունիկացիաների ապաշրջափակմանը, նախարարն ասաց, որ խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը, որը ենթադրում է ինչպես երկաթուղային, այնպես էլ ճանապարհային ապաշրջափակում։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ