Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարությունների մասին Civic.am-ի հարցերին է պատասխանել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
— Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ալիևի հայտարարություններին, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, ՀՀ-ն չպետք է զենք գնի Ֆրանսիայից և այլն։
— Մենք չենք պատրաստվում տրվել այդ սադրիչ բնույթի հայտարարություններին, դրանք ապակառուցողական են։ Վարչապետն արդեն նշեց, որ դրա նպատակը այն է, որ միմյանց մեղադրենք ֆաշիզմի մեջ, ու կրակոց տեղի ունենա։ Մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։ Եթե Ադրբեջանի նախագահի համար սա անհատական մակարդակում լեզվակռվի խնդիր է, ապա մեզ համար լեզվակռվի հարց չէ։ Եթե մի քիչ խորանանք, ապա Ալիևի խոսույթում կարող ենք այլ երկրների խոսույթներ գտնել։ Մենք գիտենք, թե ինչ շահեր են բախվում այն տրամաբանության մեջ, երբ խոսում էր արտատարածքային ճանապարհի մասին, ու շատ լավ տեսնում ենք պատկերը։ Մեզ մոտ որևէ դիրքորոշում չի փոխվել։
— Ընդդիմադիրները ասում են՝ Ալիևը սպառնում է, իսկ մեր իշխանությունները չեն կարողանում պատասխանել Ալիևին։
— Ալիևը երկու տարի առաջ ևս սպառնալից հայտարարություններ էր անում, բայց հետո ՀՀ եկան ԵՄ դիտորդները, Ալիևի սադրիչ հայտարարություններից հետո սահմանազատման կանոնակարգ է ստորագրվել, Հայաստանի ու Ադրբեջանի ընդլայնված պատվիրակություններով երկու երկրների ղեկավարները առաջին անգամ պատմության մեջ հանդիպել են, հետևաբար ես ուզում եմ հարց տալ՝ եթե այս ամեն ինչը դիվանագիտական հաղթանակ չէ, ապա ի՞նչ է։
— Պարոն Հովհաննիսյան, հիմա էլ ներքին ընդդիմադիր որոշ շրջանակներ հայտարարում են, որ դաժան պատերազմ է սպասվում ՀՀ-ին։
— Դե այդ մարդիկ անընդհատ պատերազմ են գուժում, ու ընդդիմությունը ցավի ու մահվան վաճառական է։ Իրենց տրամաբանությամբ՝ որքան վատ, այդքան լավ։ Ալիևի նպատակն այն է, որ ասի՝ ֆաշիստներ, որ մենք էլ ասենք՝ ֆաշիստը դու ես, ու հողի վրա շատ վատ բաներ տեղի ունենան: Եվ ընդդիմությունը ասում է՝ գնացեք ասեք, որ ֆաշիստը Ալիևն է, բայց մենք առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով ու չենք տրվում ադրբեջանական քաղաքականությանը ու առաջ ենք մղում հայկական քաղաքականությունը։
— Ինչպե՞ս կպատասխանեք այն պնդումներին, որ ՀՀ իշխանությունները փչացրել են հարաբերությունները ՌԴ-ի հետ, ՀԱՊԿ-ի հետ, իսկ Արևմուտքը հնարավոր պատերազմի դեպքում մեզ չի օգնի, ու հետևաբար պետք է հույսերը կապել ՀԱՊԿ-ի հետ։
— Դե ռուսական ծիրում գտնվող քաղաքական գործիչները այդպես էլ պետք է ասեին։ ՀԱՊԿ-ը չգիտի՝ ՀՀ սահմանները որտեղ են սկսվում ու որտեղ են ավարտվում, հետևաբար ոչ մեկը չի պատրաստվում ՀԱՊԿ-ի հետ հույս կապել ՀՀ անվտանգությունը ապահովելու համար։ Մեկ անգամ կապել ենք արդեն, դեպքեր են տեղի ունեցել, ու զրո արձագանք է եղել ՀԱՊԿ-ից։ Ես դեռ կասկած ունեմ, որ մինուս արձագանք է եղել, որովհետև չարձագանքի արդյունքում է եղել մեր տարածքների օկուպացիան։ Այդ ընդդիմադիրները երբ ասում են՝ գնացեք ՀԱՊԿ-ի վրա հույս դրեք, դա նույնն է, որ ասում են՝ ասեք Ալիևին, որ ֆաշիստը ինքն է, որ ստեղծվի էսկալացիոն ռիսկ, ու այդ ընդդիմադիրները իրենց ներքաղաքական շահերը առաջ կքաշեն։
— Եթե միտումը այն է, որ այստեղից պատասխան հնչի, ու էսկալացիա տեղի ունենա, ու դա սինխրոն աշխատանք է ընդդիմության հետ, ապա այս առումով ո՞րն է իշխանության անելիքը։
— Իշխանության անելիքն է պահպանել ՀՀ-ում սահմանադրական կարգը բոլոր իրավական ճանապարհներով։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ով ինչ է ասում ու ինչի համար։ Այդ ընդդիմադիրները, որոնք քաղաքական գործակալներ են, երազում են ՀՀ-ն դարձնել գուբեռնիա, որպեսզի փորձեն այս երկրում ամեն ինչ ծամել՝ ասֆալտից մինչև մարդկանց տների գնման վկայականներ։ Այն ժամանակ ՀՀ-ում իշխանությունը պահում էին ԼՂ հիմնախնդրի շուրջ, իսկ հիմա փորձում են դիվիդենդներ շահել։
Հիմա մենք մեր պաշտպանական ու բանակի հնարավորությունները մեծացնում ենք, որովհետև բանակն է մեր անվտանգության թիվ մեկ երաշխիքը։ Անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգվի, քանի դեռ խնդիրները չեն լուծվել։ ԵՄ դիտորդները շատ կարևոր գործառույթ են իրականացնում։
— Ընդդիմության, այսպես կոչված, արևմտամետ թևն էլ ասում է՝ դուս եկեք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ցտեսություն ասեք ՌԴ-ին, քանի որ մեր անվտանգությունը և զարգացումը պետք է կապենք Արևմուտքի հետ։
— Հաշվի առնելով ՀՀ-ի ներկայիս իրավիճակը՝ դա շատ ծայրահեղական ու վտանգավոր մոտեցում է։ Մեր իշխանությունը երբեք չի ասել՝ ՌԴ-ն մեր թշնամին է։ ՌԴ-ն մեր գործընկերն է, բայց մեր գործընկերության մեջ առաջացել են լրջագույն խնդիրներ, և առաջին օրինակը ԼՂ-ում տեղակայված խաղաղապահներն էին, որոնք չկարողացան կատարել իրենց գործառույթը, ու ԼՂ ժողովուրդը հայտնվեց նման իրավիճակում։
Հիմա հնարավոր չէ այդ խնդիրների մասին չխոսել։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարողանում էին գլուխները կախել ռուսական հրահանգների առաջ ու այդ պրոբլեմները կոծկել, ապա մենք դա չենք պատրաստվում անել։ Ասում ենք մեր ռուս գործընկերներին, որ կա պրոբլեմ, ու առաջարկում ենք լուծման տարբերակներ։ Մեր նպատակը ոչ թե պարալիզացնելն է պրոցեսները, այլ մեր պետության համար խնդիրներ չստեղծելը։ Մենք չենք կարող վերացական անվտանգության բարձիկների վրա հույս դնել, ինչպես որ դրել ենք տասնամյակներ շարունակ։ Մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերով, որի մի մասն են, օրինակ, տնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ, ռազմական հարմագործակցությունը հնարավորինս շատ պետությունների հետ։ Մենք փորձում ենք մեկ կետից կախվածությունը փոխել ավելի շատ կետերից կախվածության, ու դա է ժամանակակից աշխարհում անկախության բանաձևը։ Մենք հիշում ենք, թե ինչպիսի վիճակում հայտնվեց ՀՀ-ն տնտեսական ճգնաժամի ժամանակ, որովհետև կախված էինք միայն ՌԴ-ից։ Պետք է հնարավորինս բալանսավորված, հանգիստ քաղաքականություն վարել՝ չվտանգելով մեր ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը։
Դավիթ Լևոնյան