Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շարունակում են մոլեգնել ավերիչ անտառային հրդեհները:

ԱՄՆ-ում և Հայաստանում բնակվող հայ արտիստները սոցցանցի իրենց էջերում անդրադարձել են տարերային աղետին՝ տարբեր գրառումներ անելով:

ԱՄՆ-ում բնակվող դերասան Հովհաննես Բաբախանյանը սոցցանցի իր էջերում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Աստված, գթա ժողովրդիդ»:

Լրագրող Անի Քոչարը «Ինստագրամ»-ում գրել է.

«Ամեն բան մի քանի ակնթարթում կարող է հրո ճարակ դառնալ, նյութական արժեքները, հարստությունն ու ունեցվածքը ոչինչ են. երբեք մի’ մոռացեք սա»:

«Աղոթենք Լոս Անջելեսի համար». հետևյալ գրառմամբ իրենց սոցցանցի էջերում լուսանկարներ են հրապարակել նաև Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը:

Դերասանուհի Անի Երանյանը լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է»:

Ըստ կանխատեսումների՝ ներկայիս հրդեհները կարող են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային ու ավերիչ անտառային հրդեհները: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել:

Արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրերում է՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։

Հրդեհները վնասել են հոլիվուդյան հայտնի մարդկանց տները, այդ թվում՝ Փերիս Հիլթոնի, Բիլլի Քրիսթալի և Մենդի Մուրի։

Ջո Բայդենը չեղարկել է իր ուղևորությունը Հռոմ և Վատիկան Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այդ այցը պետք է լիներ նրա վերջին արտասահմանյան այցը ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ