Հայկուհու հաղթանակը թե՛ ողջունողներ, թե՛ բուռն քննադատողներ եղան։ Մեղադրողներին Հայկուհին պատասխանել չի ցանկանում, ասում է` ապագայում դեռ շատ կարծրատիպեր կկոտրի։
«Ես ոչինչ չունեմ նրանց մասին ասելու, որովհետև իրենք ամեն ինչ ասել են` իրենց խոսքով ու պահվածքով։ Այդ բուռն քննադատություններն ինձ համար, բնականաբար, անսպասելի էին, սակայն կողքիս այնքան շատ դրական մարդիկ կան, որ ես ուշադրություն չդարձրի այդ ամենին։
Նման կարծիքներն ինձանից որևէ բան չեն վերցրել, հակառակը՝ բացասական կարծիքներն ինձ ավելի ուժեղ են դարձրել»,– ասաց նա։
Հայկուհու խոսքով` ընտանիքի անդամներն ուրախացել են իր հաղթանակով, իսկ քննադատությունների ժամանակ աջակցել են նրան․ «Ընտանիքս սպասում էր իմ հաղթանակին։ Ինչ վերաբերում է քննադատություններին, նրանք ինձ ասում էին, որ ուշադրություն չդարձնեմ դրանց։
Գուցե ինչ–որ պահի բացասական կարծիքներն ազդել են տրամադրությանս վրա, բայց ինքնագնահատականիս վրա՝ երբեք»։
Մոդելային ոլորտում առաջին քայլերն անող 19-ամյա աղջիկը վստահեցնում է՝ մոդելային արտաքինը բնական է` առանց կոսմետիկ միջամտության։
Ինչ վերաբերում է մոդելային կազմվածքին, նա ասաց․ «Շնորհակալ եմ գեներիս, սակայն սպորտով էլ եմ զբաղվում։ Տասը տարի զբաղվել եմ պարով, ավարտել եմ նաև երաժշտական դպրոց։
Ներկայումս ես սովորում եմ այնտեղ, որտեղ ցանկություն ունեի սովորելու՝ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում»,– ասաց նա ու հավելեց, որ մեծ կարևորություն է տալիս կրթությանն ու ինքնակրթությանը, ասում է` դպրոցական տարիներին օրինակելի աշակերտուհի է եղել։