Մայրաքաղաքի տրանսպորտում Միասնական տոմսային համակարգին անցում կատարելու գործընթացն ամիսներ է, ինչ անցնում է բուռն քննարկումների և քննադատությունների ճանապարհով։
Չնայած Երևանի քաղաքապետարանի պարզաբանումներին, որ որոշումը արդարացված է, բոլոր զարգացած երկրներում այդպես է, միևնույն է, դժգոհության ալիքը չի նվազում՝ կապված փոփոխությունների շրջանակում տրանսպորտային ուղեվարձի թանկացման հետ:
Այս ֆոնին քաղաքային իշխանության ներկայացուցիչները որոշեցին մինչև փետրվարի մեկը թողնել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով ավտոբուսի և մետրոյի համար 100, տրոլեյբուսի համար՝ 50 դրամ արժեքով QR տոմսերը, որից հետո կգործեն տարբեր արժեքի տոմսային փաթեթներ․ ամսական փաթեթը կարժենա 9 հազար դրամ, 90 օրվա ուղևորատոմս ձեռք բերելու համար քաղաքացին պետք է վճարի 24 հազար դրամ, տարեկանն էլ վաճառվելու է 90 հազար դրամով։ Փաթեթների այլ տարբերակներին քաղաքացիները պետք է ծանոթանան Transport.yerevan.am կայքէջի միջոցով։
Քարտային վճարման անցնելու բարեփոխումը, հասարակության մի մասի կարծիքով, լավ նախագիծ է, եթե սահմանված են բարեխիղճ գներ: Շատերն էլ դրանում խնդիրներ են հայտնաբերում: Օրինակ՝ հունվարի 7-ին մի շարք քաղաքացիներ հայտնաբարել էին, որ Telcell Wallet-ի կողմից տրամադրվող QR տոմսերի վավերականացման ժամկետը կրճատվել է՝ դառնալով երեք, որոշների մոտ էլ՝ չորս օր։
Քաղաքացիների շրջանում առաջացած հարցերին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը պարզաբանումներ է տվել քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի միջոցով:
Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված է եղել իրազեկում, որ QR կոդն այսուհետև ուժի մեջ է լինելու միայն երեք օր. «Մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են երեք օրվա ձեռք բերումից հետո, ու ամենևին չի ենթադրվում, որ դրանք պետք է երկարաժամկետ լինեն, միայն Հայաստանում չէ այդպես, Բեռլինում, օրինակ, մի ուղևորությունը երկու ժամ է վավեր։ Ամեն դեպքում, այս առումով, եթե որոշակի թերություն է եղել (միգուցե դժգոհությունների մի մասն օբյեկտիվ է), կփորձենք շտկել»։
Վերջինս վստահեցրել է, որ վավերականության ժամկետը կրճատելով՝ որևէ միտում չի եղել, որ կտրոնների համար վճարված գումարը Telcell ընկերությանն ուղղվի. բոլոր գումարները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին։
Միաժամանակ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ Միասնական տոմսային համակարգի հետ կապված դժգոհությունները այնպիսի դժվարություններ չեն, որ քաղաքացիները չկարողանան հաղթահարել․ «Դա այնպիսի բարդություն չէ, որ մեր ժողովուրդը գլուխ չհանի։ Կա հավելված, կա բանկային քարտ, կա կտրոն․ եթե քարտը պահում են սարքի վրա, չի հաստատվում, ապա պետք է այնքան պահեն՝ մինչև կհաստատվի կամ կհերքվի»։
Դեկտեմբերի 8-ի՝ ժամը 16։00-ի դրությամբ, միայն ավտոբուսներում 161 հազար 85 վճարում է եղել արված, ինչը, Գրիգորյանի խոսքով, ապացույց է, որ համակարգը աշխատում է․ գոյություն չունեցող համակարգով հնարավոր չէ սպասարկել։
Ինչ վերաբերում է խնդրին, որ երբեմն քաղաքացիները ուղևորվում են առանց վճարելու՝ պատճառաբանելով, որ սարքը չի աշխատում, QR-ը չի ընթերցվում, քաղաքապետի տեղակալը նկատել է․ «Երբեմն չարամտորեն չեն օգտվում ճիշտ ձևով։ Չվճարող ուղևորներ ունեցել ենք միշտ, չնայած ես վստահ եմ, որ ուղևորների մեծ մասը չարամտորեն չեն այդպես վարվում»։
Հերթերից խուսափելու և վճարումներն արագացնելու համար տրանսպորտային միջոցներում կգործի երկրորդ վալիդատորը․ որոշ ավտոբուսներում դրանք արդեն տեղադրված են. «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորները տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել է, դրանք տեղադրվել են MAN մակնիշի ավտոբուսներում և տրոլեյբուսներում: Փետրվար-մարտ ամիսներին նախատեսում ենք տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ նոր վալիդատորների պատվերը իրականացված է»։
Ին վերաբերում է զեղչերին կամ արտոնյալ խմբերին, քաղաքային իշխանության ներկայացուցիչը նկատել է. «Քաղաքապետարանը շտեմարան չունի, որտեղ, օրինակ, կլինի թոշակառուների կամ ուսանողների թվաքանակը։ Մենք դիմում ենք համապատասխան մարմիններին՝ ԿԳՄՍՆ և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն։ Արտոնություն տալիս ենք, օրինակ, այն ուսանողին, որին պատկան մարմինը դիտարկում է որպես ուսանող։ Ճիշտ է, արտոնությունների տրամաբանությունը Երևանի հաշվառում ունենալու կամ չունենալու առումով չի որոշվում, բայց թոշակառուների դեպքում պետք է հաշվառված լինեն Երևանում, ուսանողներինը այլ է․ եթե հաշվառված են, օրինակ, Վանաձորում, բայց սովորում են ԵՊՀ-ում, կարող են օգտվել»։
Արդյոք արտոնություններից կարո՞ղ են օգտվել ոչ պետական բուհում սովորող ուսանողները, Գրիգորյանը մանրամասնել է՝ ուսանողների թիվն ու տվյալները ներկայացնում է համապատասխան կառույցը, ուստի իրենք էլ պետք է որոշեն այդ հարցը՝ տվյալ բուհը համարվո՞ւմ է պետական, թե՞ ոչ։
Վերջինս պնդել է, որ տրանսպորտի և դրա սակագների մասին խոսելիս տեղին չեն համեմատությունները նախորդ տարիների հետ։ Գրիգորյանը կարծում է, որ եթե կա էականորեն լավ համակարգ, ապա տոմսի արժեքի թանկացումը արդարացված է։ Միևնույն ժամանակ փոխքաղաքապետը հիշատակել է այն տարիները, երբ նախորդ իշխանությունների օրոք մասնակցել է տրանսպորտի գնի թանկացման դեմ իրականացվող ակցիաներին՝ ընդգծելով, որ այն ժամանակ մարդիկ «ԳԱԶել»-ով էին երթևեկում, այժմ ծառայությունն ունի ինքնարժեք․ չի կարող նոր ավտոբուսների տոմսը արժենալ 100 դրամ: Սակայն, ըստ Գրիգորյանի, Միասնական տոմսային համակարգին անցնելու ճանապարհին չեն առաջնորդվել «ինչքան լավանա, այդքան թանկանա» սկզբունքով: