Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սպառազինմանը և նորից պայման առաջադրել՝ պահանջելով դադարեցնել Հայաստանին զինելը: Ալիևի խոսքով՝ Հայաստանում գոյություն ունի «ֆաշիզմի գաղափարախոսություն»:
Ալիևի այս ագրեսիվ հայտարարություններին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հարցազրույց է տվել «Արմենպրես» գործակալությանը և մասնավորապես նշել. «Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար»:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
«Նախ նշեմ, որ Ալիևի հայտարարությունները իրականում որոշակի պատասխան են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում, և այն հայտարարություններին, որոնք արդեն հնչել են։ Ես ժամեր առաջ նախօրեին կանխատեսել էի, որ սպասվում է Ադրբեջանի կողմից բավականին ագրեսիվ հայտարարություն. ինչո՞ւ, որովհետև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մինչ այդ իր հայտարարության մեջ նշել էր, թե Ռուսաստանը Կովկասում օգնեց Ադրբեջանին կամ փոխեց դաշնակցին, և Ադրբեջանը կարողացավ Արցախը վերցնել, ինչը կասկածի տակ է դնում Ադրբեջանի՝ ինքնուրույն Արցախի հարցը լուծելու այդ միֆը, որը ցանկանում է Ալիևը ստեղծել, և դրան ի պատասխան Ադրբեջանի նախագահը պիտի ագրեսիվ հայտարարություններ աներ, ինչին ականատես եղանք փաստացի»,- ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ բացի դրանից՝ այլ իրողություններ ևս եղան, մասնավորապես Հայաստանի սպառազինության ձեռք բերումը, ինչն անհանգստացնում է Ադրբեջանին, բայց առավել ևս այն նորությունը, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում ստորագրվելու է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության համաձայնություն, պայմանագիր կամ նման որևէ փաստաթուղթ, ինչն ակնհայտորեն նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է զարգանալ, և Ադրբեջանի կողմից արդեն չորս տարի ձգվող այն քաղաքականությունը, որի հիմնական իմաստն այն է, որ Հայաստանը պետք է նոր իրավիճակում զարգացման նոր հնարավորություններ չունենա, և Ադրբեջանը պետք է կարողանա վերահսկել այդ գործընթացը՝ ջուրն է ընկնում։
«Եվ նորմալ է, որ Ալիևը այս ամենի ֆոնին որոշակի ագրեսիվ հայտարարություններով է հանդես գալիս, որոնց հիմնական հասցեատերը Երևանը չէ, որոնց հիմնական հասցեատերը արևմտյան պետություններն են, առաջին հերթին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, բայց այլ պետություններ ևս։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կարծես թե կան որոշակի հակասություններ, թեև դրանք ամեն կերպ փորձ է արվում թաքցնել»,- հավելեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում