Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության հասցեն արված սպառնալից ու հոխորտացող տոնով հայտարարություններին՝ վարչապետը նշել է.
«Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար:
Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը:
Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու:
Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»: