Որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը. վարչապետ

Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից կրկին Հայաստանի Հանրապետության սպառազինության մասին դիտարկուներին ու պահանջներին, ՀՀ վարչապետը նշել է.

«Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա:

Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից:

Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը:

Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը:

Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ