Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու առաջարկ ենք արել Բաքվին, դա ավելին է, քան առաջարկ. վարչապետ

Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

Խոսելով Ադրբեջանի նախագահի կողմից կրկին հիշտակած միջանցքի և դրա՝ իբր «բացվելու» մասին, վարչապետը նշել է.

«Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա:

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին:

Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ