Մենք հետամուտ ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը ոչ այն պատճառով, որ որևէ երկիր պահանջում է դա Հայաստանից, այլ առաջին հերթին նրա համար, որ մենք շահագրգիռ ենք այդ ապաշրջափակմամբ: Այս մասին այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ինչպես ենթադրվում է մյուս պետությունների կողմից օգտագործելու ՀՀ տարածքը իրենց տարանցիկ փոխադրումների համար, այդպես էլ ՀՀ-ն է օգտագործելու հարևան երկրների տարածքը իր տարանցիկ փոխադրումների համար»,- ասաց նախարարը:
Միրզոյանը անդրադառնալով Ալիևի հայտարարությանը նշեց. «ՀՀ-ն չի ուզում ու չի էլ պատրաստվում և շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր հնարավոր երկրները ուզում են հարաբերություններ ունենալ, առևտուր ունենալ, շարժ ունենալ մնացած հնարավոր բոլոր երկրների հետ: Սա բխում է պետությունների կենսական շահերից: Մենք ոչ թե ուզում ենք լինել պատնեշ, այլ՝ կամուրջ»: