Դիմել ենք կազմակերպությանը՝ ամբողջ գումարը վերադարձվի բյուջե․ ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե արդյոք շարունակվո՞ւմ են Սնուփ Դոգի համերգի կայացման վերաբերյալ բանակցությունները, և եթե համերգը չկայանա, գումարն արդյոք վերադարձվելո՞ւ է պետբյուջե:

«Ամեն անգամ, երբ լրագրողները Սնուփ Դոգի համերգի հարցով դիմում են, փոխանցում եմ այն տեղեկատվությունը, ինչ այդ պահին ունենք կազմակերպող ընկերության կողմից:

Գիտեմ, որ նրանք (-խմբ․ նկատի ունի կազմակերպությունը) ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները, այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել նրա համերգը Երևանում կազմակերպելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ