ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ֆաշիստական պետություն լինելու մեղադրանքին, նշել է՝ հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել:
«Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության:
Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը»,- ասել է նա։