Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով։
Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այստեղ դուրս գալու պատճառները տարբեր են։ Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է՝ անկախ որևէ պաշտոնից, և իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում։ Այս ոլորտում գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում, թարմ հայացքը երբեք ավելորդ չէ»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է տարածված խոսակցություններին, թե Գիլոյանի և Անդրեասյանի միջև տարաձայնություն է եղել, որն էլ հիմնական պատճառն է փոխնախարարի հեռանալու համար, նախարարն ընդգծեց․ «Իմ հարաբերությունները Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք շարունակվում են՝ որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոնից։ Գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որ մարդկային հարաբերությունները հնարավոր լինի շարունակել։ Դա է իմ սկզբունքը, չեմ տեսնում որևէ պատճառ այդ սկզբունքը չպահելու։ Գործը գործ է»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ տոներից հետո հրաժարական կտա։ Վերջինս նշել էր, որ ընտրվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադրամի խորհրդի անդամ, որն իրեն ավելի լայն հնարավորություններ է առաջարկում: