Ապրիլի 30-ին տեղի կունենա «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը». հայտագրումը սկսված է

Հանրային հեռուստաընկերությունը և Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ներկայացնում են «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը»։ Հայտագրումը սկսված է։

Մրցանակաբաշխությունն ամփոփելու է 2024 թվականի կարևոր ձեռքբերումները երաժշտական ոլորտում։ Նախատեսվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող երաժշտական մեծ տոն հայ արտիստների և երկրպագուների համար։ Մրցանակաբաշխությանը ներկայացված են լինելու 19 անվանակարգ և հատուկ մրցանակներ։ Անվանակարգերում կարող են առաջադրվել բոլոր հայ արտիստները և երաժիշտները՝ ըստ անվանակարգերի համապատասխանության։ Մեկ արտիստը կարող է առաջադրվել մի քանի անվանակարգերում։

Հայտերի հավաքման փուլից հետո Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամների կողմից կազմվելու է կարճ ցուցակ (shortlist)։ Այնուհետև կարճ ցուցակում ներառված արտիստներից ընտրությունն իրականացվում է Ակադեմիայի 150-ից ավելի անդամների կողմից՝ փակ քվեարկությամբ։ Ակադեմիայի բոլոր անդամները երաժշտական ոլորտի տարբեր ժանրերում ակտիվ գործունեություն ծավալող անձինք են՝ երաժիշտներ, պրոդյուսերներ, երգիչներ և ուրիշներ։ Քվեարկության արդյունքները ամփոփվելու են հատուկ մշակված ավտոմատ համակարգով և մրցանակակիրները հայտարարվելու են հենց մրցանակաբաշխության օրը։

Հայտագրվելու համար անհրաժեշտ է.
այցելել Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կայք՝ anma.am.
սեղմել «Դիմել հիմա» կոճակը.
անվանակարգերից ընտրել մեկը կամ մի քանիսը, որոնք համապատասխանում են 2024 թվականին կատարած գործունեությանը.
լրացնել հայտը:

Հայտերը բաց կլինեն մինչև փետրվարի 10-ը ներառյալ։

Ի դեպ, երկրպագուները նույնպես կարող են առաջադրել նախընտրելի նախագծերին և արտիստներին anma.am կայքում՝ «Երկրպագուների համար» բաժնում։

«Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն» անցկացվելու է ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ