Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2023-ի հուլիսի 10-17-ին առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալին է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, որն այժմ Երևանի պետական համալսարանի 2-րդ կուրսում է սովորում։
«ԲնաԳիտ» հատուկ նախագծի շրջանակում Stemnews.am-ը զրուցել է Հովսեփ Կարապետյանի հետ՝ իմանալու, թե ինչպես է սկսվել նրա ճանապարհը ֆիզիկայի ոլորտում, միջազգային օլիմպիադայում հաղթանակը ինչ փոխեց իր կյանքում, ինչ ծրագրեր ունի ուսման հետ կապված և բացի ֆիզիկայից այլ ինչ հետաքրքրություններ ունի:
— Հովսե՛փ ջան, ինչպե՞ս հայտնվեցիք ֆիզիկայի ոլորտում:
— Ես ֆիզիկա սկսել եմ սովորել 7-րդ դասարանից՝ ինչպես և բոլոր դպրոցականները: Այդ ժամանակ ես խորապես հետաքրքրված չէի դրանով: Իհարկե, փորձում էի անել, բայց սովորելու ձգտումը չկար: Հետո ամեն ինչ փոխվեց, երբ 9-րդ դասարանում սկսեցի հաճախել նախապատրաստական դասընթացների, որպեսզի ընդունվեի Պոլիտեխնիկի ավագ դպրոց: Այդ ժամանակ ես հանդիպեցի իմ այժմյան ղեկավար ընկեր Պետրոսյանին: Նա շատ մեծ ներդրում ունեցավ այն գործում, որ ես սիրեմ ֆիզիկան: Կարելի է ասել՝ ինձ համար մի այլ տեսանկյունից բացեց այդ աշխարհը: Ընթացքում իր օգնությամբ սկսվեց ամեն ինչ ստացվել, և երբ մի բան ստացվում է, սկսում ես ավելի շատ հետաքրքրվել: Ձնագնդիկի օրենքով հետաքրքրությունը մեծացավ: Ինքնըստինքյան մտա այս ոլորտ:
— Հենց այդ ժամանակ հասկացա՞ք, որ ֆիզիկան Ձերն է:
— Հա: Ես մինչև 9-րդ դասարան ընդհանրապես չէի պատկերացնում, որ այս ուղղությամբ կգնամ: Ես վստահ էի, որ քիմիան է իմ ուղղությունը: Բայց հետո իմ կյանքը լրիվ փոխվեց:
— Ձեր ղեկավարին նշեցիք. կասե՞ք՝ էլ ովքեր են Ձեզ օգնել այս ոլորտում:
— Երբ Պոլիտեխնիկ ընդունվեցի, սկսցեի շատ լավ մասնագետների մոտ սովորել: Ավելի ուշ ծանոթացա Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների հետ, սկսեցի այնտեղ խմբակների հաճախել: Բոլորն էլ ինչ-որ չափով ներդրում ունեն, բայց ամենամեծը ընկեր Պետրոսյանի ներդրումն է:
— Իսկ ֆիզիկայում ի՞նչն է Ձեզ համար ամենահետաքրքիրը:
— Ինչքան խորանում էի ֆիզիկայի մեջ, այնքան հետաքրքիր էր դառնում: Կան երևույթներ, որոնք շատ զարմանալի են, բայց բացի դրանից շատ-շատ են հանդիպում իրական կյանքում: Օրինակ՝ երբ հելիումից փուչիկով ավտոմեքենայի մեջ նստենք, և մեքենան արագանա, երևի ինտուիտիվ կմտածեք, որ փուչիկը պետք է հետ գնա, բայց ճիշտ հակառակն է կատարվում. փուչիկը առաջ է գնում: Սա անհնար է հասկանալ՝ առանց ֆիզիկայի մեջ լավ խորանալու: Այդպիսի երևույթները ինձ ստիպեցին ավելի շատ հետաքրքրվել ֆիզիկայով:
— Միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալ եք ստացել: Ինչպե՞ս էր դա, կնկարագրե՞ք:
— Շատ անսպասելի էր: Մինչ դա էլ շատ պարապում էինք, փորձում էինք, բայց որ այդպիսի արդյունք կունենանք, անսպասելի էր ինձ համար: Իհարկե, շատ հաճելի հպարտություն էր բերում այն, որ մեր երկրի դրոշը բարձրացավ շատ խոշոր երկրների դրոշների կողքին:
— Իսկ կա՞ն հիշարժան պատմություններ, որոնք ոգեշնչել են Ձեզ, մոտիվացրել:
— Ես մոտիվացվել եմ իմ անհաջողություններով: Մինչ այդ միջազգային օլիմպիադային մասնակցելը՝ ես այլ միջազգային օլիմպիադայի էլ եմ մասնակցել, պարզապես ոչ մի մեդալի չարժանացա: Դա ինձ մոտիվացրեց:
— Մրցույթի ժամանակ ամենահուզիչ պահը կհիշե՞ք:
— Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ են ասում, թե ով ինչ մրցանակի է արժանացել: Սկզբից բրոնզե մեդալակիրներին են հայտարարում, հետո՝ արծաթ, հետո՝ ոսկի: Ես ենթադրում էի, որ բրոնզ կստանամ: Երբ բրոնզե մեդալակիրների անունները ասացին, մեր թիմակիցների անուններն էլ ասացին, հասկացա, որ իմ անունը չհնչեց, շատ վախեցա: Մտածեցի՝ այդքան վատ եմ գրե՞լ: Նայեցի մեր թիմի ղեկավարներին, հասկացա, որ նրանք այդքան էլ նեղված չեն, ուրախ դեմքերով են: Երբ անունս հայտնեցին, արդեն որոշ չափով պատրաստված էի, բայց էլի անսպասելի էր: Ինձ թվում է՝ դա էր ամենահուզական պահը:
— Այս հաղթանակը Ձեր կյանքում ի՞նչ փոխեց:
— Երևի մի քիչ ճանաչվածություն, բացի դրանից՝ տվեց շատ մեծ պարտականություն, ոգևորություն՝ ավելի շատ սովորելու: Որովհետև եթե ես արժանացել եմ այդ մեդալին, ուրեմն որոշ մարդիկ ինձ այդ մեդալով կճանաչեն, ու ես պետք է փորձեմ հետագայում համապատասխանել իրենց կարծիքին: Դա ինձ մոտիվացրեց և պարտավորեցրեց՝ ավելի առաջ գնամ: Կարելի է ասել, որ ֆիզիկայի ոլորտում սա իմ երկրորդ սկիզբն էր:
— Ո՞ր ֆիզիկոս գիտնականներն են Ձեզ ոգեշնչում:
— Բոլորից էլ սովորելու բաներ ունենք մենք։ Օրինակ՝ Նյուտոնը։ Նրա ժամանակ վիրուս էր տարածված, տանը փակված էին մնում, ու հենց այդ ժամանակ էլ նա սկսեց զբաղվել գիտությամբ, ինքնակրթվել, զարգանալ։ Ուրիշ գիտնականներն էլ են իրենց պատմությամբ ոգեշնչում։ Կարծում եմ՝ ամենակարևոր բանը, որ սովորեցնում են, չհանձնվելն է, չհիասթափվելն ու ձգտել միշտ առաջ գնալ։
— Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր և հայկական գիտության ապագան։
— Իմ կարծիքով՝ Հայաստանում գիտությունը հիմա շատ լավ վիճակում չէ, ու ես կարող է նաև սխալվեմ, բայց կարծում եմ՝ մենք ունենք լավ մասնագետների պակաս։ Ցանկացած ոլորտում, բայց հատկապես ֆիզիկայում, որին ես քիչ թե շատ ծանոթ եմ, լավ մասնագետների պակաս եմ զգում։ Իմ կարծիքով՝ դա շտկելու միակ միջոցը նմանատիպ օլիմպիադաներ կամ մրցույթներ կազմակերպելն է, որովհետև օլիմպիադայի գլխավոր առաջդրանքը ոչ թե ամենախելացիին ընտրելն է, այլ մասնակցելը․ դա ինքնըստինքյան կրթական բնույթ կրում։ Այն մեծ կրթական ներուժ ունի երիտասարդության վրա։ Նմանատիպ միջոցառումները պետք է ավելի շատ կազմակերպվեն։
— Ձեր ուսման հետ կապված պլաններ ունե՞ք, նախատեսու՞մ եք արտասահմանյան այլ բուհում շարունակել ուսումը։
— Դեռ ամբողջովին չգիտեմ, բայց եթե նույնիսկ ես այլ երկրներում սովորեմ, անպայման պետք է վերադառնամ ու իմ սովորածը ներդնեմ մեր երկրի ապագայի մեջ։ Ինձ թվում է՝ դա բավականաչափ տրամաբանական է։ Որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանում կրթությունը էլի լավ է, բայց կարելի է ձգտել ավելիին։ Այդպես կարելի է անել․ գնալ, ուրիշ տեղերից գիտելիքն ստանալ ու բերել, սեփական երկիրը զարգացնել։
— Կա՞ ինչ որ նախագիծ, որը պլանավորել եք անել ֆիզիկայի ոլորտում՝ Հայաստանում այն զարգացնելու համար։
-Դեռ՝ ոչ, ես դեռ հեռանկար չեմ կառուցել։ Ենթադրաբար ապագայում կունենամ այդպիսի միտք։
— Իսկ բացի ֆիզիկայից Ձեզ կյանքում էլ ի՞նչն է ոգեշնչում։
— Ես շատ եմ սիրում ֆիլմ դիտել՝ հատկապես ֆանտաստիկայի ժանրից։ Օրինակ՝ շատ սիրելի ֆիլմերից մեկը «Դյունա»-ն է՝ իր առաջին և երկրորդ մասերով։ Դրանք թույլ են տալիս աշխարհին նայել մի այլ աչքերով, նոր տեսանկյուններ զարգացնել։ Ես դասից բացի, փորձում եմ ժամանակ անցկացնել իմ ընկերների հետ։ Այն ընկերները, ում հետ ես պարապել եմ օլիմպիադաների ժամանակ, այդ ընկերությունը մեզ մոտ շարունակվում է։ Կապը պահում եմ, ու փորձում եմ, որ մենք իրար հետ հաճախ հանդիպենք, ժամանակ անցկացնենք։ Բացի դրանից, երբ տանը մենակ եմ մնում, փորձում եմ հետաքրքիր թեմա գտնել, ուսումնասիրել, և ես այդպես եմ հանգստանում։ Մեկի հետ զրուցում էի, նա ինձ ասեց․ «Ոնց հասկացա, քո հոբին հենց սովորելն է»։ Դա կարող է տարօրինակ հնչել, բայց ես իրոք էդպես հանգստանում եմ։
— Իսկ սիրելի գրքեր ունե՞ք։
— Հիմա՝ չէ, բայց մոտ 2-3 տարի առաջ շատ էի կարդում Սթիվեն Քինգի գրքերը։ Այնտեղ լուրջ գաղափարներ էր բերվում, որոնց մասին մտածում էի։ Բայց երբ զբաղվածությունս մեծացավ, բաց թողեցի այդ զբաղմունքը։
— Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են զբաղվել գիտությամբ։
— Նախ՝ առաջին բանը, որ խորհուրդ կտամ, չհիասթափվելն է ու միշտ ավելիին ձգտելը։ Որովհետև երբ մենք ինչ-որ ոլորտ ենք սկսում ուսումնասիրել, սկզբից շատ-շատ են լինելու անհաջողությունները, շատ բաներ չեն ստացվելու, շատ դժվար են տրվելու դրանք, և դա շատ նորմալ է։ Օրինակ՝ իմ առաջին օլիմպիադային ես ստացել եմ 0 միավոր, երկրորդին՝ 30 միավորից 2 միավոր։ Եթե դրանցից հետո ես հիասթափվեի, այսքան բանի չէի հասնի։ Սխալներ անելը ամենալավ սովորելու ձևն է։
Մանրամասները՝ տեսանյութում։