Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը «փոխել է իր դաշնակցին և Ղարաբաղում աջակցել Ադրբեջանի գործողություններին՝ ագրեսիա իրականացնելով Հայաստանի դեմ։ Եվ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել իրեն»։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Այո, ըստ էության, Էմանուել Մակրոնը փաստն է արձանագրում, որը արձանագրվում է Փարիզում, բայց, ցավոք սրտի, Երևանում այն արձանագրվում է մասնակիորեն, որովհետև մեզ մոտ Ռուսաստանը շարունակում է մնալ, այսպես ասած, նորմալիզացված, մինչդեռ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող լինել այլ կերպ, քան Ադրբեջանի։ Այնպես, ինչպես ադրբեջանական զորքը չի հանդուրժվում ՀՀ տարածքում, նույնը պետք է վերաբերի ռուսական զորքին»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Ավելի ուշ Մակրոնի հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն և հայտարարել, որ Ֆրանսիայից պահանջում են վերջ տալ այն քայլերին, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են կայունությունը տարածաշրջանում: «Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը նրա տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և իրականացնում այս երկրի լայնածավալ զինում այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության համար իրական պայմաններ են ստեղծվում»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Այս առումով էլ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ի վերջո Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ սովետի ժամանակվա «Պրավդա» և «Բակինսկիյ ռաբոչիյ» թերթերի ոգուն, ինչը բնական է, որովհետև չեկիստի որդի է ղեկավարում Ադրբեջանը, ընտանեկան դիկտատուրա է։ Այս հայտարարություններին պետք է մոտենալ փիլիսոփայորեն, որովհետև այդ հայտարարության մեջ տասը բառից տասնմեկը սուտ է՝ այնպես, ինչպես և իրենց սիրելի Ռուսաստանը»։
Մանրամասն՝ տեսանյութում