Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք. կարևոր՝ տրանսպորտից օգտվողների համար

Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով.

ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,
տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։
Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվել հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր։

Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին

Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք.

1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,
3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։

Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք, որ.

1. ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը,
2. Ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։
Կարևոր է հաշվի առնել նաև, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։

Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է.

1. գրանցվել transport.yerevan.am կայքում,
2. անցնել առցանց նույնականացում,
3. արտոնյալ խմբին պատկանելիությունը հաստատելու պարագայում տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։

Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։

Սպասարկման կետերի միջոցով դուք կարող եք․

1. ձեռք բերել տրանսպորտային քարտ,
2. անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար,
3. արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։

Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։

Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։ Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։

Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։

Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։

Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։

Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ